Անվտանգության համակարգերի տեղադրման աննախադեպ լայնածավալ ծրագիր
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 22.02.2007թ. № 314-Ն և 31.01.2008թ. № 330-Ն որոշումներով սահմանվել է բնակարանների գազիֆիկացման և գազամատակարարման վերականգնման ժամանակ ներտնային գազասպառման համակարգում բնակարանի ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում ներկայացվեց վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեխնիկական հատկանիշները և տեղադրման, շահագործման ու սպասարկման հետ կապված խնդիրները: Սարքավորումները մրցութային կարգով ձեռք են բերվել չինական PUHAI Corporation ընկերությունից: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետ Հրանտ Թադևոսյանի խոսքով, անվտանգության համակարգերը իրենց մեջ ներառում են այրվող գազերի ազդանշանային սարք, որն իրականացնում է այրվող գազերի՝ մեթանի և շմոլ գազի ծավալային մասի, ինչպես նաև այրվող գազերի ազդանշանային սարքի շրջապատող միջավայրի ջերմաստիճանի չափում և անընդհատ հսկում՝ ձայնային և լուսային ազդանշմամբ, ինչպես նաև վթարային անջատիչ կափույր: Վերջինս տեխնածին իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան: Վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեխնիկական հատկորոշումների ուսումնասիրման և անվտանգության համակարգերի ներդրման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծել էր հանձնաժողով, որում ներգրավված էին բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը «Չափագիտության Ազգային ինստիտուտ» ՓԲԸ մասնագետների հետ համատեղ կատարել են ներկայացված նմուշների մանրամասն տեխնիկական փորձաքննություն ու փորձարկումներ՝ համաձայն գոյություն ունեցող մեթոդիկաների: Գնանշման արդյունքներով հաղթող ճանաչված չինական PUHAI Corporation ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսվում է թվով 250 հազ. հատ վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի մատակարարում: Նոյեմբերի 19-ին սպասվում է վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի առաջին խմբաքանակի ներկրումը և ըստ մշակված ժամանակացույցի հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 1-ից սկսվելու է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել անվտանգության համակարգերի տեղադրման նախադեպը չունեցող լայնամասշտաբ աշխատանքներ: ՀՀ Կառավարության որոշմամբ հանձնարարվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջոցով 2008–2009 թվականների ընթացքում իրականացնել հանրապետության բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում նշված սարքավորումների տեղադրման ծրագիր: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվել Ընկերության 2008–09 թթ. ներդրումային ծրագիրը, որը նշված աշխատանքների իրականացման համար առաջին փուլով նախատեսում է 7,5 մլրդ դրամ ներդրում: Շինհավաքակցման աշխատանքները որակով և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ձեռք են բերվել հանրահայտ ընկերությունների արտադրության բարձրորակ գործիքներ, հարմարանքներ, ինչպես նաև լրակազմող նյութեր: Կազմավորվել են աշխատանքները իրականացնող բրիգադներ, որոնց աշխատակիցները անցել են շին-հավաքակցման աշխատանքների կատարման համապատասխան ուսուցում: Ներկայումս Երևանում են գտնվում չինական PUHAI Corporation ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ բանակցություններ են ընթանում անվտանգության համակարգերի տեղադրման սխեմաների օպտիմալ տարբերակների ընտրության, թվով 250 հազ. հատ վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի հետագա շահագործման պահանջների հստակեցման, անվտանգության համակարգերի սպասարկման կենտրոնի ստեղծման, որտեղ նախատեսվում է իրականացնել վերանորոգման, 5 տարի պարբերականությամբ գազազգայուն տարրերի (սենսորների) փոխարինման և թվով 24 հատ այրվող գազերի ազդանշանային սարքերի միաժամանակյա ստուգման համակարգչային ախտորոշման կազմակերպման վերաբերյալ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն