«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում Հայաստանի բաժնեմասը կարող է ավելանալ
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ի նիստում հանդես է եկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում Հայաստանի բաժնեմասը 11,8 մլն դոլարով (3,6 մլրդ դրամ) ավելացնելու առաջարկով: Ծրագրվում է առաջարկն իրականացնել լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու ճանապարհով: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայաստանի մի շարք համայնքներում տարիների ընթացքում տարբեր ծրագրերով (պետական և համայնքային բյուջեների, վարկային, դրամաշնորհային և այլ միջոցներով) կառուցված գազաբաշխիչ համակարգերը (գազատարները) անհատույց շահագործվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից: Դրանց հաշվեկշռային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3,6 մլրդ դրամ: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնել այդ գումարը` դրանով իսկ ավելացնելով Հայաստանի Հանրապետության բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվում և տրվում է լիազորություն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և գույքով (անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով) վճարել ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նախարարն ասել է, որ 2008 թ. դեկտեմբերին կառավարությունը պատրաստ է ընկերության կանոնադրական կապիտալում ավելացնել իր մասնաբաժինը` 20–25 մլն դոլարով: Դեկտեմբերի վերջին, նման առաջարկով կառավարությունը կդիմի ընկերության տնօրենների խորհրդին, իսկ 2009-ի հունվար-փետրվարին առաջարկությունը կներկայացվի բաժնետերերի ընդհանուր ժողովում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն