Երևանն ունեցավ նոր՝ 4-րդ գազաբաշխիչ կայան

Բնակչությանը և արդյունաբերական օբյեկտներին անխափան ու հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով «Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում ավարտվել է Երևանի 4-րդ գազաբաշխիչ կայանի /ԳԲԿ/ շինարարությունը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր:

Նախագծի համալիր շինարարությունը, որը բաղկացած է բարձր եւ միջին ճնշման գազատարներից, ինչպես նաև գազաբաշխիչ կայանից, սկսվել էր 2008թ. հուլիսին եւ ավարտվել է ս.թ. դեկտեմբերին: Կառույցի ամբողջական շինարարության համար ներդրվել է մոտ 2 մլրդ դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով, գազաֆիկացման աննախադեպ աճի պայմաններում, երբ գազասպառման ծավալները կտրուկ բարձրանում են հատկապես ջեռուցման շրջանում, գազամատակարարման ռեժիմների կարգավորման հարցը օրակարգային էր դարձել Ընկերության համար: Կայանը նախագծվել և կառուցվել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված Երեւան քաղաքի գազամատակարարման գլխավոր հատակագծի հիման վրա` մայրաքաղաքի բնականոն գազամատակարարումն ապահովելու նպատակով:

Աշոտ Հովսեփյանի գնահատմամբ, նոր կայանը համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին, կարող է լրացնել եղած կայանների հզորությունները այն չափով, որպեսզի մինչև 2020 թվականը ապահովվի մայրաքաղաքի գազամատակարարման բնականոն ռեժիմը:

«Այս կայանի կարիքը վաղուց էր զգացվում: Այսպիսի հնարավորություններ ստեղծելու մասին մենք մտածել ենք դեռևս 20–25 տարի առաջ, սակայն իրականություն ենք դարձնում այսօր: Վստահ եմ, որ այս ձմռանը Երևանում որևէ բաժանորդ այլևս գազի ճնշման հետ կապված խնդիր չի ունենա», — նշել է գլխավոր ճարտարագետը:

Կայանի սարքավորումները ձեռք են բերվել իրանական
«Գազ Սյուզան» Ընկերությունից, որի գլխավոր տնօրեն Ասադոլլահ Վելայեթին համագործակցությունը հայ գործընկերների հետ շատ բարձր է գնահատում: Նրա խոսքով, «չնայած մեծ նախագծին, կայանը կառուցվեց շատ կարճ ժամանակահատվածում: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը դեռ երկար կշարունակվի»:


Տեղեկանք

«ք.Երեւանի ԳԲԿ-4» սնվում է 500մմ տրամագծով Երեւան-Արմավիր մայրուղային գազատարից: Կայանի նախագծային առավելագույն հզորությունը կազմում է 150.0 հազ. խմ/ժ:
Գծային հատվածներ Բարձր ճնշման գազատար: ԳԲԿ-4 միանում է 500մմ տրամագծով Երեւան-Արմավիր մայրուղային գազատարին` 300 մմ տրամագծով գազատար-ճյուղով, որի երկարությունը կազմում է 512 մ:
Միջին ճնշման գազատար: 720 մմ միջին ճնշման գազատարը, որը սնում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները, սկիզբ է առնում Երեւանի 4-րդ գագազաբաշխիչ կայանից:
1. Մինչև Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնող միջին ճնշման գազատարի երկարությունը կազմում է 6288 մ:
2. Մինչև Շենգավիթի համայնք հասնող միջին ճնշման գազատարի երկարությունը կազմում է 1214,2 մ:
Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայքների գազամատակարարման ռեժիմների հետ մեկտեղ կառուցված միջին ճնշման գազատարները հնարավորություն են ընձեռում գազաֆիկացնել նաեւ հարակից՝ Արբաթ / ամբողջությամբ գազաֆիկացվել է/, Արգավանդ, Գեղանիստ եւ Խաչփառ համայնքների դեռեւս չգազաֆիկացված տարածքները:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am