Քննարկում բնական գազի սակագնի վերանայման հայտի շուրջ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկում ծավալվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներկայացված բնական գազի սակագնի վերանայման հայտի շուրջ:

Ներկայացնելով սակագնի փոփոխության վերաբերյալ հիմնավորումները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ դրանք պայմանավորված են ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճով, ԱՄՆ դոլար/ ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճով, 2009թ. ընթացքում համակարգում կատարված 11.2 մլրդ. դրամի ներդրումներով, որի 73%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, շահագործման և սպասարկման ծախսային որոշ հոդվածների փոփոխություններով և ըստ սպառողական խմբերի ծախսերի մասնաբաժինների ճշգրտումներով:

Ըստ նրա, «ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը:

Բնակչությանը վաճառվող բնական գազի վաճառքի նախորդ սակագներում պահպանված չէ շահագործման և սպասարկման ծախսերն ըստ սպառողական խմբերի տարանջատման համամասնությունը, որն Ընկերության կողմից հաշվի է առնվել առաջարկվող սակագնում:
2009թ-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում (110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 154 ԱՄՆ դոլար/հազ.խմ) բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով` 84000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլար/303.69դրամ փոխարժեքը:

2010թ-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 17%-ով աճի պարագայում (154 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ) Ընկերության կողմից առաջարկվել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը բարձրացնել 41.7%-ով` 96000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 136000 դրամ/հազ.խմ, որում հաշվի է առնված նաև բնակչության հատվածին բաժին ընկնող ծախսերի համամասնությունը և կատարված ներդրումները:


ՀՀ ներկրվող բնական գազի գնման գինը 2007–2009թթ. տարիների կտրվածքով դիտարկելու պարագայում` (110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ կամ դրամային աճը կազմել է 77%) „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ կողմից բնակչությանը վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը կազմել է 62%, իսկ խոշոր սպառողներինը` 81%:


Գործող սակագնում ներառվածի համեմատ գազի սպառման ծավալները նվազել են 20%-ով և համաձայն կանխատեսումների նվազման միտումը կպահպանվի նաև ընթացիկ տարում: Սակագինը հաշվարկվում և սահմանվում է 1000 խմ-ի համար, իսկ սակագնում ներառված շահագործման և պահպանման ծախսերի գերակշիռ մասը (շուրջ 95%-ը) հաստատուն ծախսեր են և կախված չեն գազի իրացման ծավալներից: Ուստի սպառման ծավալների նվազման դեպքում Ընկերությունը չի կարող նվազեցնել նշված ծախսերը և առաջարկել գազի ավելի ցածր սակագին:


Վ. Առաքելյանի խոսքով, „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-ն իր սակագնային քաղաքականությունն իրականացնում է երկարաժամկետ հատվածում և խնդիր ունի առավելագույնս պահպանել բնական գազի սպառման շուկաները: Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ խոշոր սպառողների համար Ընկերության կողմից վաճառքի ավելի բարձր սակագին առաջարկելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգետիկայի և արդյունաբերության ոլորտի ընկերությունների բնական գազի սպառման ծավալների զգալի նվազման և վերջիններիս արտադրանքի գների բարձրացման: Բնական գազի սպառման նշված շուկաները խիստ կարևորություն են ներկայացնում Ընկերության համար և դրանք կորցնելու պարագայում, եթե նույնիսկ բնակչության սպառման ծավալները մնան անփոփոխ, հաստատուն ծախսերի առկայության դեպքում բնակչության համար կունենանք գազի վաճառքի ավելի բարձր սակագին և ՀՀ գազամատակարարման
համակարգի հետագա պահպանման լրջագույն խնդիրներ:

Առաջարկվող սակագնի հաշվարկներում գործող սակագնում ներառվածի նկատմամբ շահույթի ավելացում չի նախատեսվել:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am