Այսօր գազահամակարգին միացավ 600 000-րդ բաժանորդը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների և կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում այսօր գազահամակարգին միացավ 600000-րդ բաժանորդը: Արշակունյաց 135 շենքի 77 բնակարանի բնակչուհի Հռիփսիմե Գալստյանը անակնկալի էր եկել, երբ գազահաշվիչը տեղադրելիս «Երևանգազ»-ի աշխատակիցները հայտնել էին նրան այդ մասին: Տիկին Հռիփսիմեն, որ երկար տարիներ աշխատել է օդանավակայանում որպես ուղեկցորդուհի, այժմ թոշակառու է: «Երևանգազ»-ի կողմից նվեր ստացած գազօջախը տանտիրուհու համար իրական ուրախություն էր.«Մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ անակնկալ նվեր ստանալ: Ունեմ ֆինանսական դժվարություններ, քանի որ չեմ աշխատում, գումարը կամաց-կամաց կուտակել էի գազիֆիկացման համար, ու մտահոգ էի, թե ինչպես եմ օգտագործելու առանց սարքավորումների»:
Գազահամակարգին միացավ 600 000-րդ բաժանորդը

Գազահամակարգին միացավ 600 000-րդ բաժանորդը

«600000-րդ բաժանորդի փաստը խոսուն և լուրջ ցուցանիշ է մեզ համար, — նշեց „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանը, սա այն աշխատանքի արդյունքն է, որ Ընկերությունը ձեռնամուխ եղավ դեռեւս 2002թ.: „ՀայՌուսգազարդ“-ի կողմից գազիֆիկացման ծրագիրը հիմնականում ավարտվել է և Հայաստանը համարվում է գազաֆիկացման մակարդակով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այսօր արդեն բնական գազ է օգտագործում 552 համայնք, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք: 600000 բաժանորդը այն փաստացի բաժանորդների թիվն է, որոնք միացել է գազահամակարգին, դրան զուգահեռ 95 000 ընտանիքների հնարավորություն է ընձեռված միանալու: Ցանկության դեպքում, նրանք դիմելով „ՀայՌուսգազարդ“-ի համապատասխան ծառայություններին, կարող են դառնալ գազասպառող բաժանորդ»:
Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, չնայած 94 տոկոս գազաֆիկացման մակարդակին, չի կարելի ասել, որ հանրապետությունում ծրագիրը չի շարունակվում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում շարունակվում են հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքները:

Այդուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման տենդենցներին, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներառյալ գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am