Սկսել է գործել անվտանգության համակարգերի սերվիս կենտրոն
2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն տեղադրվել է 303000-ը, որոնք, ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը, պահանջում են լուրջ սպասարկում, նորոգում և ստուգաչափում, այդ նպատակահարմարությամբ էլ ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցված սպասարկման կենտրոնը:
Աշոտ Հովսեփյանի խոսքով, անվտանգության համակարգերի տեղադրմամբ նշված ժամանակահատվածում կանխվել է գազի արտահոսքի ավելի քան 3200 դեպք: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, ինչու ոչ, նաև նրանց հարևանները, խուսափել են դժբախտ պատահարներից (թունավորում, պայթյուն), ինչը ենթադրում է նաև մահացության դեպքերի հավանականություն:
Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակները, ներառյալ` թունավորման դեպքերը, ցավոք, հաճախ բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնակամ անջատումների հետևանք են: Ի դեպ, 2001–2009թթ. գազասպառող բնակիչների մոտ արձանագրվել է դժբախտ ելքով 137 պատահար, որոնցից 87-ը կարող էր տեղի չունենալ, եթե բնակարաններում տեղադրված լինեինանվտանգության համակարգեր:
Անվտանգության սարքերը նույնպես սպասարկում են «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ փականագործները: Սպասարկումը պատշաճ և որակով կազմակերպելու նպատակով էլ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ում ստեղծվեց Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը գազասպառող բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված կարևոր օղակ պետք է հանդիսանա:
Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: Նշենք նաև, որ ՀՀ-ն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ ներդրվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Սերվիս կենտրոնի ստեղծմամբ իրականացվելու է սարքերի վերանորոգման, 5 տարի պարբերականությամբ գազազգայուն տարրերի (սենսորներ) փոխարինման և այրվող գազերի ազդանշանային 24 սարքերի միաժամանակյա ստուգման համակարգչային ախտորոշման աշխատանքներ: Սերվիս կենտրոնի գործունեությամբ ապահովվելու է բնակարաններում անվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, ներառյալ, 5 տարին մեկ պարտադիր ստուգումները, պրոֆիլակտիկ ստուգումները, ինչպես նաև դրանց արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված վերանորոգումները:
Սերվիս կենտրոնում գործող հիմնական սարքավորումները չինական PUHAI Corporation ընկերության արտադրանքը հանդիսացող թեսթավորման և ախտորոշման ստենդերն են, և դրանց մոնտաժման, առաջին երաշխիքային ստուգումների ու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են չինական կողմից գործուղված մասնագետների աջակցությամբ: Չինացի մասնագետները նաև ուսուցում և վարպետության դասեր են անցկացնում մեր մասնագետների շրջանում:
Սերվիս կենտրոնում ձեռք են բերվել նաև շարժական սարքեր, որոնց միջոցով պրոֆիլակտիկ ստուգումներ են իրականացվում տեղում, առանց համակարգը կենտրոն տեղափոխելու: Երբ բնակարանի ազդանշանային սարքը գործում է և բնակիչն ահազանգում է, մասնագետներն այս սարքի միջոցով հենց բնակարանում կարող են որոշել ազդանշանի պատճառը: Անսարքության բացահայտման դեպքում անվտանգության համակարգը փոխարինվում է նորով, իսկ վնասված սարքը բերվում է սերվիս կենտրոն` ստուգման և անհրաժեշտության դեպքում` վերանորոգման: Ի դեպ, ազդանշանային սարքի կառուցվածքը ներառում է հիշողության համակարգ (սև արկղ), որտեղ տվյալները պահպանվում են 25 ժամվա ընթացքում: Այսինքն, մասնագետը ներկայանալով բնակարան կարող է աշխատանքային համակարգչի` նոդբուքի համապատասխան ծրագրի միջոցով ազդանշանային սարքից կարդալ, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում` շմոլ գազի առկայությու՞ն, մեթանի արտահո՞սք թե՞ սարքի խափանում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36