Քննարկում՝ 10 և ավելի հարկայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման վերաբերյալ
Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղում կազմակերպվել է Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 10 և ավելի հարկայնություն ունեցող թվով 31 բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման հարցի համատեղ քննարկում: Քննարկմանը մասնակցել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչ Ֆելիքս Յայլոյանը:
Չնայած արձանագրված ցուցանիշներին, Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 10 և ավելի հարկայնություն ունեցող թվով 31 բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման հարցը մինչ օրս մնացել էր չլուծված` տեխնիկական պայմանների և անվտանգության անհրաժեշտ պահանջների բացակայության պատճառով:
Բազմահարկ այս շենքերը շինարարական նորմերի տեսանկյունից նախատեսված չեն եղել գազասպառման համակարգերի համար, բացի այդ տարիների ընթացքում բնակիչների կողմից կատարված կամայական կառուցապատման արդյունքում փակվել են շենքերի օդափոխության համակարգերն ու արտաքին լուսավորության համար նախատեսված մակերեսները, դրանով իսկ ավելի սահմանափակելով անվտանգության պայմանների բավարար վիճակը:
Շուրջ 3720 բնակիչ ունեցող բնակելի այս հատվածի լիազոր ներկայացուցիչների կողմից սկսած 2007 թվականից դիմումներ են ներկայացվել գազաֆիկացման համար, որոնք սակայն ընթացք չեն ստացել տեխնիկական պայմանների բացակայության պատճառով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից առաջարկվել է վերացնել ապօրինի կառուցվածքները և կարգավորել օդանցքների ու հակահրդեհային համակարգերի պատշաճ վիճակը:
Որպես համատեղ լուծման տարբերակ, <<Երևանգազի>>—ի կողմից առաջարկվել է իրականացնել արտաքին գազատարերի և կանգնակների կառուցումը, քաղաքապետարանի շինարարական և բարեկարգման վարչության կողմից` թերությունների վերացման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատվիրման և շինարարական աշխատանքները:
Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքերով, Երևանի քաղաքապետի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի հանձնարարությամբ առաջարկվել է լուծում գտնել տիպային այս շենքերի գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար: «2007 թվականից բնակիչները դիմել են մեզ գազաֆիկացման աշխատանքները կատարելու համար, սակայն նորմերին չհամապատասխանելու պատճառով դա չի իրականացվել: Այդ նպատակով կազմակերպում ենք այս քննարկումը, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները կատարել: Քննարկումն ավարտելուց հետո մենք կզեկուցենք Երևանի քաղաքապետին և „ՀայՌուսգազարդ“ ընկերության գլխավոր տնօրենին, հանձնարարությունը ստանալուց անմիջապես հետո կսկսենք գազաֆիկացման աշխատանքները»:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 902 ԿԲ)