«ՀայՌուսգազարդ»-ը և «Մեդիամաքս»-ը ներկայացնում են 2 ֆիլմ` Իէն Գիլանի մասնակցությամբ

«ՀայՌուսգազարդ»-ը և «Մեդիամաքս»-ը ներկայացրել են երկու ֆիլմեր` Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ: Սկավառակը վաճառքի համար նախատեսված չէ: «Մեդիամաքս>>—ն ու „ՀայՌուսգազարդ“-ը սկավառակի մեկական օրինակ կնվիրեն Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին:

«Pictures of home» վավերագրական ֆիլմի հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում կատարված նկարահանումները եւ Իէն Գիլանի հարցազրույցը: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին եւ ներկայանում է որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի: «Pictures of home» ֆիլմի նկարահանումները հովանավորել էր «ՀայՌուսգազարդ»-ը, որը նաեւ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի հովանավորն էր:

Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շ. Սարդարյանի խոսքով տարիներ առաջ, երբ առաջ քաշվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» գաղափարը, «ՀայՌուսգազարդ»-ը առաջիններից մեկն էր, որ կանգնեց այս ծրագրի կողքին, իր չափով մասնակից եղավ ծրագրի աշխատանքներին, և այս գեղեցիկ նախաձեռնությունների միջոցով, որպես կոորպորատիվ քաղաքացի, իր շնորհակալությունը հայտնեց լեգենդար խմբին` 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու մարդասիրական նախագծի համար:

«Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շուրջ «Մեդիամաքս»-ի հետ համագործակցության հիմքը դրվեց Ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և շարունակություն ունեցավ մինչ օրս` Ընկերության ներկա տնօրեն Վարդան Հարությունյանի աջակցությամբ», — նշել է Շ. Սարդարյանը:

2011թ. նկարահանված «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմն արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակների, այդ թվում` հաղթող է ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:


Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի` դեպի փառքը տանող ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրավիրում է ձեզ ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենը անց է կացրել իր կյանքի վաղ տարիները:


Խորհրդանշական է, որ սկավառակի շնորհանդեսի օրը
«Մեդիամաքս»—ը հայտարարեց, որ մոտ ապագայում կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երկար սպասված վերակառուցումը: 2009 թվականին «Հայռուսգազարդի» hովանավորության շնորհիվ Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել դպրոցը: Այսօր այդ խոստումը շատ մոտ է իրականություն դառնալուն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am