«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը մասնակցել է 25-րդ միջազգային գազային խորհրդաժողովի աշխատանքներին

Հունիսի 4-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է 25-րդ Միջազգային գազային խորհրդաժողովը (WGC 2012), որի աշխատանքներին մասնակցել է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Գազի ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչների խոշորագույն քառօրյա ֆորումի օրակարգային թեման է՝ «Գազ. ապագա համաշխարհային աճի հիմքը»:

Համաժողովի կազմակերպիչը Միջազգային գազային միությունն է (International Gas Union — IGU, ՄԳՄ): ՄԳՄ-ը հեղինակավոր միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը համարվում է գազի ոլորտում միջազգային փորձի կուտակման և անփոփման կենտրոն: Միությունը ներկայում միավորում է աշխարհի 73 երկրների գազային ընկերություններ և ասոցիացիաներ: