«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը և Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն հուլիսի 3-ին համաձայնագիր կնքեցին, ըստ որի, «ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի „Ադիգազ“ հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը:
«Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռևս 13.04.2011թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջև կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջև կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան: Ինչպես նշեց Իշխան Կարապետյանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթները: «Նախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ իրականություն „Գազպրոմ„ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը „ՀայՌուսգազարդ“-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին“, — ասաց ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը: Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում: „Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել „ՀայՌուսգազարդ“-ի հետ, որպես հուսալի գործընկերոջ: „ՀայՌուսգազարդ“-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար“, — ասաց Տուոմաս Լաակսոն: Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012 թ. սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ: Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձևավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան և հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ: Հյուրանոցի շահագործումը ևս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն