Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում «ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նոր ուսումնական տարում Ընկերությունն Արցախի նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին նվիրաբերեց մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ և խաղալիքներ: Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի և «ՀայՌուսգազարդի» բարեկամությունն երկարամյա պատմություն ունի և, ավանդույթի համաձայն, Ընկերության աշխատակիցներն առաջին այցելությունը կատարեցին այդ ուսումնական հաստատություն: «ՀայՌուսգազարդը» երբեք չի մոռանում մեզ, հիշում է, որ այստեղ Արցախի ապագան է դաստիարակվում», — նշեց դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը: Արդեն երկրորդ տարին է ինչ «ՀայՌուսգազարդը» օգնություն է ցուցաբերում Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցին, իսկ ԼՂՀ մայրաքաղաքի թիվ 3 պետական մանկապարտեզն առաջին անգամ ստացավ զանազան մարզական պարագաներ, բազմաթիվ խաղալիքներ, համակարգիչ և հեռուստացույց:
Բարեգործական առաքելության շրջանակում նվերներ փոխանցվեցին նաև Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկարապտեզին: Ինչպես ընդգծեցին նախադպրոցական հաստատությունների ղեկավարները, «ՀայՌուսգազարդի» կողմից փոխանցված նվերները շատ կարևոր են երեխաների պատշաճ դաստիարակության և պարապմունքները բարձր մակարդակով կազմակերպելու տեսանկյունից: «ՀայՌուսգազարդը» նվերներ փոխանցեց նաև Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը: Հաշվի առնելով երեխաների անցած տարվա խնդրանքը՝ Ընկերությունը, բացի մարզական գույքից և խաղալիքներից, նրանց այս անգամ նվիրեց նաև սեղանի թենիսի հավաքածու և համակարգիչ: Լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ»-ը 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն