«ՀայՌուսգազարդ»-ը մասնակցել է Բաղդադի միջազգային առևտրային ցուցահանդեսին

Նոյեմբերի 1-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բացվել է 39-րդ միջազգային առևտրային ցուցահանդեսը (Baghdad International Trade Fair — BITF), որին մասնակցել է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերության տաղավարում ներկայացված են եղել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը, տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառվել են նախագծի իրականացման ընթացքում:

«Հրազդան-5»-ում ստեղծված էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակը, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումները հետաքրքրել են օտարերկրյա մի շարք մասնագիտացված կազմակերպությունների,այդ թվում նորարարական տեխնոլոգիաներով և կապիտալ շինարարությամբ զբաղվող Upper East իրաքյան ընկերությանը: «ՀայՌուսգազարդ»-ի և Upper East-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում հետագա համագործակցության հնարավորության շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը «ՀայՌուսգազարդ»-ի կողմից իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է: Այս նախագծի եզակիությունն այն է, որ Ընկերության մասնագետների ջանքերով ստեղծվել է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ՝ «Հրազդան-5»-ում առաջին անգամ համակցվել են գոյություն ունեցող և լայնորեն տարածված շոգետուրբինային և գազատուրբինային տեղակայանքները: Արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 300 ՄՎտ-ից հասցվել է 480 ՄՎտ-ի, միաժամանակ զգալիորեն բարձրացել է նաև կայանի արդյունավետությունը: Ձեռք բերված փորձը կարող է օգտագործվել ԱՊՀ տարածքում և արտերկրում գործող կայանների վերակառուցման և շահավետության բարձրացման համար: Ներկայում «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում «Հրազդան 5»-ում կիրառված տեխնոլոգիաների արտոնագրման ուղղությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am