Սոցիալապես խոցելի խավերը փոխհատուցում կստանան սպառված գազի դիմաց

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սոցիալապես խոցելի խավերի գազի գինը: Գործադիրի հունվարի 23-ի նիստին այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` անցած երկու տարիների ընթացքում սոցիալապես խոցելի խավերը մինչև 300 խմ գազի դիմաց վճարում էին 100 դրամ, և կառավարությունը սուբսիդավորում էր գնի մնացած 32 դրամը: Ըստ կառավարության ղեկավարի` այս տարի էլ սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները կվճարեն նույն 100 դրամը, ինչը նշանակում է, որ գազի ներկայիս 156 դրամ/1 խ.մ. գնի 56 դրամը կփոխհատուցի կառավարությունը:
Տիգրան Սարգսյանը էներգետիկայի և բնական պաշարների ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել համապատասխան որոշումը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am