Վ. Հարությունյան. «2014թ. տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ»
Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2013 թվականի գործունեությունը` դրական գնահատեց Ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝ կարևորելով հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները:
Հատկանշելով, որ «Հրազդան-5»—ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է վՀայՌուսգազարդ»—ի գործունեության ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար, Վ. Հարությունյանը հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել և համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ: Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվեց ամփոփել և ներկայացնել 2013թ. հաշվետվությունները: Վարդան Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց Ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2013 թվականին իրականացրած աշխատանքներն ու արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2014թ. տեմպերը լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ: Կարևորելով գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով անհրաժեշտ միջոցառումները, Վ. Հարությունյանը Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ համարեց այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը և շահագործման որակի բարձրացումը: Նշվեց նաև, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու և հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար: Շնորհակալություն հայտնելով համապատասխան ծառայություններին հատկապես հանգստյան օրերին շուրջօրյա աշխատանքի համար, Վ. Հարությունյանը հանձնարարեց շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները և հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն