Ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է երկօրյա ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում:

Վարժանքներին մասնակցել են «Տրանսգազ» ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) մասնագետները, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտաօգնության բրիգադ: Ուսումնավարժության առաջին սցենարով Երևանի 4-րդ գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) գազի կարգավորման հանցույցի տարածքում արտահոսքի պատճառով բռնկվել էր հրդեհ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Աբովյանի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել էր վթարային խումբ, որի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու խնդիրը: Վարժանքի երկրորդ սցենարով, շրջայցող փականագործը Երևան-Արմավիր մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի ուժեղ արտահոսքով, իսկ Աբովյանի ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ: Ամփոփելով արդյունքները, ուսումնական վարժանքների ղեկավար, Աբովյանի ԳՇՄ-ի պետի տեղակալ Գարեգին Հովհաննիսյանը նշել է, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետները ցուցաբերել են մասնագիտական բարձր հմտություններ և պատրաստվածություն գազափոխադրման համակարգի օբյեկտներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս, իսկ «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի: Իր հերթին «Տրանսգազ» ՍՊԸ-ի գազափոխադրման համակարգի շահագործման և սպասարկման բաժնի անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր մասնագետ Աշոտ Քալաշյանը տեղեկացրել է, որ «Տրանսգազ» ՍՊԸն ամեն տարի անցկացնում է ուսումնավարժանքներ Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող գազափոխադրման համակարգի օբյեկտներում: Նրա խոսքով, այս տարի նախատեսված են նաև ուսումնավարժանքներ Դիլիջանի, Գորիսի, Վանաձորի, Մարտունիի, ինչպես նաև Վանաձորի ԳՇՄի Գյումրիի գծային շահագործման տեղամասի վթարային խմբերի մասնակցությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am