Մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը բնական գազի գինը Հայաստանի համար կլինի 165 դոլար
ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման՝ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում: Արձանագրությունների ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն