«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա կապակցությամբ: Ավանդական դարձած այս տոնը հրաշալի առիթ է  միասին գնահատելու մեր կատարած աշխատանքն ու նախանշելու Ընկերության գործունեության զարգացման հետագա ուղիները: Բոլորիս միավորող մասնագիտական տոնը նաև կարևոր ու անհրաժեշտ իրադարձություն է թիմային աշխատանքի արժեքներն ու հավաքական արդյունքը վերագնահատելու, թիմային ոգին ամրապնդելու և կոլեկտիվ միասնականության ուժը հաջողության վերածելու համար:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ «Գազպրոմ» խմբի դուստր ձեռնարկությունների մեծ և ամուր ընտանիքում մենք կարողանում ենք բարձր պահել մեր մասնագիտական պատիվը՝ աշխատանքային հմտությունների, պատասխանատվության ու միաժամանակ մեծ նվիրվածության շնորհիվ: Վստահ եմ, որ շարունակելու ենք նույն ոգով՝ մեր առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության որակական նոր մակարդակ ապահովելու համար:

Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, այլ նաև երկրի տնտեսության մեջ ընդհանրապես: Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերն ու խոշորամասշտաբ նախագծերը լուրջ հիմք են ստեղծել գազաէներգետիկ ոլորտի համար՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու և, որ ամենակարևորն է, երկրի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ:

Որպես մեր աշխատանքի ամենանշանակալի արդյունք՝ ես ուզում եմ առանձնացնել հանրապետության սպառողական շուկայի անխափան ու հուսալի գազամատակարարումը, ինչն անկախ ֆորս-մաժորային իրավիճակներից ու  շահագործման ընթացքում առաջ եկող տեխնիկական բարդություններից, իրականացվում է պատշաճ մակարդակով:

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ձեր ամենօրյա քրտնաջան, համակարգված աշխատանքի համար, համոզված եմ, որ շարունակելու եք ձեր ուժը և եռանդը ներդնել համակարգի կայուն ու դինամիկ զարգացման համար՝ լույս ու ջերմություն ապահովելով մարդկանց:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին ու աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորին մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am