«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կանցկացվեն Բնապահպանության տարվան նվիրված մի շարք միջոցառումներ
2017 թվականը «Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարվել է բնապահպանության տարի: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել է բնապահպանական միջոցառումների ծրագիր՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը և բնապահպանական խնդիրների մասին ընկերության աշխատակիցների տեղեկացվածության բարձրացմանը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության աշխատակիցները կմասնակցեն ափամերձ տարածքների մաքրմանն ու անտառային զանգվածի վերականգնմանն ուղղված շաբաթօրյակներին: Նախատեսված է ծառատունկ, ինչպես նաև ծառուղու հիմնադրում՝ նվիրված ընկերության 20-ամյակին: Մոլորակի պաշտպանության օրվա առթիվ կկազմակերպվի «Մեր մոլորակը՝ մեր տունն է» քարոզչական հեծանվաարշավ:
Բնապահպանության տարվա ծրագրով նախատեսված են մի շարք այլ բնապահպանական-քարոզչական միջոցառումներ: Մասնավորապես, կանցկացվի բնապահպանական թեմայով մանկական նկարների մրցույթ, կկազմակերպվի արշավ պատանի բնապահպանների մասնակցությամբ Հայաստանի արգելոցներից մեկի կենդանական և բուսական աշխարհին ծանոթանալու նպատակով, Երևանի կամ մարզերի դպրոցներից մեկում կստեղծվի բնապահպանական դասարան:
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները կանցկացնեն «Մեկ օր առանց ծխախոտի» և «Մեկ օր առանց ավտոմեքենայի» ակցիաները:
Բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում կցուցադրվի որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործման բնապահպանական առավելությունների մասին պատմող տեսաֆիլմ: Ցուցադրումից հետո տեղի կունենա կլոր սեղան հասարակական կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի փորձագետների մասնակցությամբ:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)