«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

Հարգելի գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Օրը մեզ համար խորհրդանշական է և կրկնակի տոնական՝ այս տարի նշում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ստեղծման 25-ամյա հոբելյանը։

Ավելի քան երկու տասնամյակ մենք հպարտությամբ ենք կրում մեր մասնագիտական կոչումը։ Անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքի հավաքական արդյունքը նշանակալի է ու արժեքավոր․ այդ աշխատանքի շնորհիվ Ընկերության դերակատարումը դարձել է առանցքային Հայաստանի գազաէներգետիկ ոլորտի կայացման ու զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այսօր մենք վստահորեն խոսում ենք առաջատարի դիրքերից՝ շարունակելով մեր գործը որպես երկրի տնտեսական կյանքի կարևորագույն մասնակից, խոշոր հարկատու և համակարգաստեղծ ընկերություն։

25 տարվա գործունեության ընթացքում իրականացրել ենք ներդրումային ծրագրեր և նախագծեր, որոնք իրենց ծավալներով և նշանակությամբ աննախադեպ են Հայաստանում։ Այդ խոշոր նախագծերի թվում են Իրան-Հայաստան մայրուղային գազատարի կառուցումը, «Հրազդան-5» էներգաբլոկի շինարարության ավարտը ու արդիականացումը, հանրապետության գազաֆիկացման բարձր մակարդակը՝ շուրջ 96 տոկոս։

Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր ձեռքբերումը, քանի որ դրան հասնելու համար պահանջվել է հսկայական ու չափազանց բարդ աշխատանք։ Այդ ամենը մեզ հեշտ չի տրվել, անցել ենք կայացման դժվարին ճանապարհ՝ լուծելով մեր մասնագիտական գործունեության հետ կապված բազմաթիվ ինժիներական և տեխնիկական խնդիրներ։ Արդեն վստահությամբ կարող ենք ասել, որ այսօր ամուր և կայուն հիմքեր են ստեղծված զարգացման ճանապարհով առաջ շարժվելու համար։

Պետք է հատուկ ընդգծեմ, որ մեր բոլոր ծրագրերի, նախագծերի ու նախաձեռնությունների իրականացումը հնարավոր է դարձել «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության և ՀՀ կառավարության կողմից մշտապես ցուցաբերվող վստահության և համակողմանի աջակցության շնորհիվ: Այս համատեքստում ցանկանում եմ հատկանշել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեման, որով նախատեսված են գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների կապիտալ նորոգման, վերակառուցման աշխատանքներ և միջոցառումներ։ Ինչպես աշխատանքների ծավալները, այնպես էլ իրականացվող կապիտալ ներդրումները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նմանատիպ ցուցանիշները և վստահ եմ, որ կկարողանանք իրագործել բոլոր նախանշված ծրագրերը բարձր արդյունավետությամբ ու ամբողջական ծավալով։

Հարգելի գործընկերներ,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ձևավորված թիմային աշխատանքի շնորհիվ մեր անձնակազմը ցուցաբերում է հաստատուն կամք շարունակելու իր ամենօրյա քրտնաջան, համակարգված և կարևոր գործը՝ ապահովելով հանրապետության սպառողների անխափան ու հուսալի գազամատակարարումը, ինչը նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակներում իրականացվում է պատշաճ մակարդակով:

Հատուկ շնորհակալության խոսք եմ ցանկանում ուղղել մեր վետերաններին, որոնք իրենց անգնահատելի ավանդն ունեն Ընկերության և ընդհանրապես հանրապետության գազաէներգետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում աշխատանքային ձեռքբերումներ և անձնական նորանոր հաջողություններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am