ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ծախսերի փոխհատուցման հետ կապված նախագծին

ՀՀ կառավարությունն իր նոյեմբերի 24-ի նիստում ընդունված որոշմամբ հավանություն տվեց 2022 թվականի հուլիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև „ՀայՌուսգազարդ“ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորման` նախատեսվում է տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար, որից՝ 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար, իսկ 3 մլն ԱՄՆ դոլար գումարը Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

Արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ, Արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։

Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am