Ա․Հակոբյան․ Ընթացիկ տարվա արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքները պետք է կատարվեն բարձր որակով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԳԳՄ-ների մարտ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, Ընկերության 2024թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Օրակարգի հարցերի քննարկումից առաջ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշել է, որ մարտի 28-ին Աբովյանի ԳԳՄ-ում անցկացվել էր առաջին արտագնա խորհրդակցությունը, այդ ձևաչափը հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ մասնաճյուղի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներին, ուսումնասիրել դրանց լուծման ուղիները։

«Արտագնա խորհրդակցությունները շարունակական են լինելու, նախատեսում ենք հաջորդ խորհրդակցությունն անցկացնել Գեղարքունիքի մարզում՝ Գավառի և Մարտունու ԳԳՄ-ներում։ Այդ կապակցությամբ ԳԳՄ-ների տնօրեններին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկում եմ նախապատրաստել խորհրդակցության օրակարգը՝ արձանագրելով ԳԳՄ-ների գործունեությանն առնչվող բոլոր հրատապ հարցերը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ և օպերատիվ լուծել առաջնահերթ և հիմնական խնդիրները», — նշել է Ա․Հակոբյանը։

Խոսելով Ընկերության ընթացիկ տարվա արտադրական ծրագրերի մասին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն հաստատված ժամանակացույցի համաձայն։

«Բոլոր աշխատանքները պետք է կատարել բարձր որակով և ավարտին հասցնել նախանշված ժամկետներում։ Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մայրուղային գազատարների կապիտալ նորոգմանը, հատկապես մեկուսիչ շերտի փոխարինման աշխատանքներին և, հետևաբար, ձեռք բերվող մեկուսիչ նյութերի որակին», — նշել է Ա․Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Շինարարության հսկողության ծառայությանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով վերահսկել իրականացվող աշխատանքների որակը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am