Ա․ Հակոբյան․ Անհրաժեշտ է մշտական հսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի շահագործման հետ կապված հարցերը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԳԳՄ-ների ապրիլ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործմանն առնչվող հարցեր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշել է, որ ապրիլի 30-ին անցկացվել են արտագնա խորհրդակցություններ Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում, նման ձևաչափով ԳԳՄ-ների աշխատանքի հետ կապված հարցերի և խնդիրների քննարկումը բավականին արդյունավետ է։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաջորդ արտագնա խորհրդակցությունը նախատեսում ենք անցկացնել Արտաշատի և Արարատի ԳԳ մասնաճյուղերում։ Հանձնարարում եմ ԳԳՄ-ների տնօրեններին նախապատրաստել մասնաճյուղերի գործունեությանն առնչվող հրատապ բոլոր հարցերը, որոնք տեղում կուսումնասիրենք և կքննարկենք դրանց օպտիմալ լուծման մեխանիզմները», — նշել է Ա․ Հակոբյանը։
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ԳԳՄ-ների անցած ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են, հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Դրական ցուցանիշներ են գրանցվել նաև գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի այս տեմպը, ինչը թույլ կտա հետագայում նույնպես ապահովել դրական դինամիկա Ընկերության գործունեության բոլոր ուղղություններով։
Ա․ Հակոբյանը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարել է ԳԳՄ-ների հետ համատեղ մշտական հսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործման հետ կապված հարցերը։
Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք այլ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 451 ԿԲ)