Ա․Հակոբյան․ Բաժանորդների գազասպառման համակարգերում խախտումների նվազեցումը մեր հիմնական առաջնահերթություններից է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Արարատի և Արտաշատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղեր (ԳԳՄ), որտեղ անցկացրել է արտագնա խորհրդակցություններ։ Ներկա էին նաև Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրենը։ Քննարկվել են ԳԳ մասնաճյուղերի արտադրա-տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր։

Արարատի ԳԳՄ-ում խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս բավականին արդյունավետ և արագ գտնել մասնաճյուղերի աշխատանքի հետ կապված հրատապ հարցերի լուծումները։

«Արդեն չորրորդ արտագնա խորհրդակցությունն ենք անցկացնում, այս տարվա ընթացքում կայցելենք նաև մնացած բոլոր ԳԳ մասնաճյուղերը։ Սա շատ արդյունավետ ձևաչափ է, որը մեզ թույլ է տալիս տեղում ծանոթանալ ԳԳՄ-ների հրատապ խնդիրներին, քննարկել դրանց լուծման ուղիները, լսել մասնաճյուղերի մեր գործընկերների առաջարկները և հնարավորինս արագ լուծել առավել կարևոր հարցերը», — նշել է Ա․Հակոբյանը։

Արարատի ԳԳՄ գլխավոր ինժեներ Գ․Հարությունյանը ներկայացրել է մասնաճյուղի գործունեության հիմնական ցուցանիշները։ Նշվել է, որ ԳԳ մասնաճյուղի կողմից սպասարկվում են շուրջ 439,5 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 237 միավոր գազի կարգավորիչ կետեր։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 11 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 8 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։ Ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքները իրականցվում են ըստ ժամանակացույցի։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև վերգետնյա գազատարների շահագործման և սպասարկման հետ կապված հարցերը, ապահովել գազատարների համապատասխանությունը սահմանված չափանիշներին և տեխնիկական նորմերին։

Արտաշատի ԳԳՄ-ում խորհրդակցության ընթացքում նշվել է, որ մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող գազաբաշխման ցանցի գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1250 կմ, գազակարգավորիչ կետերի քանակը՝ 507 միավոր։ 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 5,5 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 21 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։ Գազաբաշխման ցանցի շահագործման և սպասարկման աշխատանքներն իրականացվում են հաստատված ժամանակացույցի համաձայն։

Ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները Ա․Հակոբյանը նշել է, որ Արարատի և Արտաշատի ԳԳ մասնաճյուղերի գործունեության ցուցանիշներն ընդհանուր առմամբ դրական են, դա վերաբերում է ինչպես գազաբաշխման համակարգի շահագործման, այնպես էլ սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման աշխատանքներին։

«Ընդհանուր առմամբ ունենք դրական դինամիկա, աշխատանքի լավ տեմպ։ Միաժամանակ, անհրաժեշտ է ոչ միայն պահպանել այդ տեմպը, այլ նաև կրկնապատկել մեր ջանքերը ավելի բարձր ցուցանիշներ և աշխատանքի առավելագույն արդյունավետություն ապահովելու համար», — ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Ա․Հակոբյանը նշել է, որ գլխավոր առաջնահերթությունը եղել և մնում է բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման ապահովումը։

«Կարևորն այն է, որ մեր ԳԳՄ-ների և „Էյ-Ի-Ջի Սերվիս“ ՍՊԸ-ի համատեղ աշխատանքի արդյունքում առավել ապահովված լինի բաժանորդների անվտանգությունը։ Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ բաժանորդների գազասպառման համակարգերում խախտումների նվազեցումը և, հետևաբար, անվտանգության պահանջների խախտմամբ պայմանավորված դեպքերի կանխարգելումը, մեր հիմնական առաջնահերթություններից է», — ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am