Լոռու և Տավուշի մարզերում վերականգնվել են աղետից վնասված շուրջ 5 200 գծամետր ընդհանուր երկարությամբ գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ), մայիս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործմանն առնչվող հարցեր։
Խորհրդակցությանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվեցին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող վնասված գազատարների վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ընթացքը։
Աղետի հետևանքով լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ։
Նշվեց, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ։
Ա․Հակոբյանը հանձնարարեց վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 379 ԿԲ)