Համալիր ախտորոշումը՝ հուսալի և անխափան գազամատակարարման ապահովման կարևոր բաղադրիչ
Բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր ախտորոշումը։
Նշված աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի, իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից։
ԱՀ ծառայության գործառույթները ներառում են նաև ստորգետնյա գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) համակարգի նախագծման համար դաշտային հետազոտական (ինժեներա-երկրաֆիզիկական), գազատարների և ԳԲԿ-ների վերանորոգման կամ նորերի կառուցման համար անհրաժեշտ ինժեներա-գեոդեզիական աշխատանքներ, ԳԳ մասնաճյուղերի հետազոտման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների ուսուցում:
ԱՀ ծառայության պետ Գևորգ Գևորգյանի տվյալներով, ընթացիկ տարվա համար հաստատված առաջադրանքի շրջանակներում նախատեսված է իրականացնել ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների և գազաբաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարների, թվով 15 ԳԲԿ-ների տեխնիկական սարքվածքների և տեխնոլոգիական սարքավորումների համալիր հետազոտում և ախտորոշում։
«Գազատարների և համակարգի այլ օբյեկտների տեխնիկական վիճակի հետազոտումն ու ախտորոշումը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել թերությունները և որոշում կայացնել հետագա նորոգման կամ փոխարինման ուղղությամբ։ ԱՀ ծառայությունը համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով, ընդ որում ամենաժամանակակից, ինչը մեր մասնագետներին թույլ է տալիս անվրեպ և բարձր ճշգրտությամբ արձանագրել խնդիրները, խոտանները և հավաքագրված տվյալներով մշակված տեխնիկական հաշվետվությունները փոխանցել շահագործող կազմակերպություններին, որոնք էլ արդեն իրենց կողմից ձեռնարկում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ», — նշում է ԱՀ ծառայության պետը։
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)