Ա․Հակոբյան․ Անհրաժեշտ է մշտական ուշադրության տակ պահել և հետևաողական իրականացնել առաջիկա աշուն-ձմեռ ժամանակահատվածի նախապատրաստական միջոցառումները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն՝ Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենների մասնակցությամբ։

Ա․ Հակոբյանին ներկայացվեցին ԳԳՄ-ների հուլիս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության ցուցանիշները, քննարկվեցին գազաբաշխման ցանցի շահագործմանը, ներտնային սպասարկմանը, ինչպես նաև սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման աշխատանքներին առնչվող հարցեր։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ընկերության 2024թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ անհրաժեշտ է մշտական ուշադրության տակ պահել և հետևողական իրականացնել աշուն-ձմեռ 2024–2025թթ․ ժամանակահատվածի նախապատրաստական միջոցառումները, որպեսզի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը պատրաստ լինեն անխափան գազամատակարարման ապահովմանը։

Ա․ Հակոբյանը նաև հանձնարարեց առավելապես հետևողական աշխատանք իրականացնել անվտանգ գազամատակարարման ապահովման նպատակով, շարունակել համալիր կանխարգելիչ միջոցառումները, մշտական վերահսկողության տակ պահել կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների խախտումներին և հաստատված նախագծերին գազասպառման համակարգերի համապատասխանությանն առնչվող խնդիրները։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am