«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Լոռու ԳԳՄ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Լոռու ԳԳՄ-ում։ Ներկայացվել են ԳԳ մասնաճյուղի արտադրական գործունեության ցուցանիշները, քննարկվել մասնաճյուղի աշխատանքի հետ կապված հրատապ հարցեր։

Նշվել է, որ ներկայում Լոռու ԳԳՄ-ի կողմից սպասարկվում են շուրջ 1873 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 551 միավոր գազի կարգավորիչ կետեր։ ԳԳՄ-ի բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 68 456։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է 37,8 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, ընթացիկ տարվա պլանը կազմում է 8,6 կմ։ Նշված ժամանակահատվածում փոխարինվել է 39 միավոր պահարանային գազի կարգավորիչ կետ (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվել են նաև Լոռու ԳԳՄ-ի կողմից սպասարկվող գազաբաշխման ցանցի տեխնոլոգական սխեմաների ստեղծման աշխատանքների արդյունքները։ ԳԳ մասնաճյուղի գլխավոր ինժեներ Ա․Աթինյանը տեղեկացրել է, որ մշակված են Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջանների, ինչպես նաև Վանաձոր քաղաքի գազաբաշխման ցանցի թվային սխեմաները։

Ա․Հակոբյանը գոհունակություն է հայտնել Լոռու ԳԳՄ-ի արտադրական ցուցանիշներից, միաժամանակ բարձր գնահատելով մասնաճյուղի անձնակազմի աշխատանքը մայիսին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով վնասված գազաբաշխման ցանցի գազատարների վերականգնման ուղղությամբ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ԳԳՄ-ի աշխատողների օպերատիվ և համակարգված գործողությունների շնորհիվ աղետից տուժած բնակավայրերում սեղմ ժամկետներում վերականգնվեց գազամատակարարումը։

Խորհրդակցությանը նաև քննարկվել են մի շարք հրատապ տեխնիկական հարցեր, ներկայացվել առաջարկներ։ Ա․Հակոբյանը հանձնարարել է Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատել և օպերատիվ լուծման մեխանիզմներ գտնել բարձրացված խնդիրների համար։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am