«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները մասնակցել են եռօրյա համաժողովի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի, ինչպես նաև դուստր ընկերությունների ու հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները մասնակցել են եռօրյա համաժողովի, որը վերաբերում էր մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքային իրավունքի, հարկային և հաշվապահական ոլորտներին առնչվող օրենսդրական վերջին փոփոխություններին։
Համաժողովը կազմակերպվել է «ԳՈՐԾՔ» իրավախորհրդական ընկերության հետ համատեղ: Oրենսդրական փոփոխությունները ներկայացրել են ինչպես «ԳՈՐԾՔ»-ի, այնպես էլ հրավիրված մասնագետները։
Մասնակիցներին ողջույնի խոսք է հղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը՝ նշելով, որ համաժողովը լավ հարթակ է մասնագիտական ուսուցման, փորձի փոխանակման, մարդկային ռեսուրսների կառավարման և ֆինանսատնտեսական ոլորտների հրատապ հարցերն ու խնդիրները քննարկելու տեսանկյունից։
«„Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը, որը հադիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից, կադրային քաղաքականության շրջանակում հետևողականորեն զարգացնում է անձնակազմի կառավարման համակարգը, որի առանցքային ուղղություններից է աշխատողների որակավորման անընդհատ բարձրացումն ու մասնագիտական մոտիվացումը:
„Գազպրոմ Արմենիա“-ն եղել և մնում է աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ընկերություն և մեր առավելությունը հանդիսանում է բարձր որակավորում ունեցող և մրցունակ կադրային անձնակազմը:
Կադրային քաղաքականության կարևոր ուղղություններից է կադրային ռեզերվի ձևավորումը, որի շրջանակում մենք համագործակցում ենք Ռուսաստանի Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի հետ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին անվճար ուսուցանել այդ հեղինակավոր բուհում։ Եվ որ ամենակարևորն է, համալսարանն ավարտելուց հետ նրանք աշխատանքի կանցնեն „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունում։
Այսօր մեր Ընկերությունը արձանագրում է գործունեության բավականին լավ ցուցանիշներ և այդ տեմպը պահելու ու կայուն զարգացնելու տեսանկյունից կարևորում եմ մեր հաշվապահական, տնտեսագիտական անձնակազմի լավ աշխատանքը և ցանկանում, որպեսզի միշտ ձգտեք մասնագիտական ունակությունների և գիտելիքների կատարելագործմանը, ինչը աշխատանքում հաջողությունների հասնելու գրավականն է», — նշել է Ա․ Հակոբյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 232 ԿԲ)