Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրն ընթացքի մեջ է
Դեռևս 2019 թվականին Երևան քաղաքում խոշորամասշտաբ կառուցապատմանը զուգահեռ ավելացավ նաև կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ու համալիրների համար բնական գազի պահանջարկը, որը հատեց առկա համակարգի թողունակության կրկնակի ծավալի շեմը՝ բերելով ձմեռային ժամանակահատվածում գազամատակարարման անբավարար ռեժիմների առաջացման ռիսկերի։
Անխափան և հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով, իրավիճակի պարտադրմամբ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից որոշում կայացվեց և սկսած 2020թ.-ից նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ու համալիրների գազիֆիկացման տեխնիկական պայմաններ տրվեցին Երևան քաղաքը սնող թվով չորս գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) կողմնատար գազատարներից:
Այս մոտեցումը, յուրաքանչյուր կառուցապատողի համար պահանջում էր խոշոր ներդրումներ, բացի այդ Երևան քաղաքի արդեն իսկ կառուցապատված հատվածներում՝ առկա կոմունիկացիաների պարագայում, զուգահեռ նոր մի քանի ենթակառուցվածքների ստեղծումը քաղաքաշինական տեսանկյունից դառնում էր նույնիսկ անհնար:
Սկսած 2020թ.-ից Ընկերությունը խնդրի մասին բարձրաձայնել է պատկան մարմիններում և ակտիվորեն աշխատել, թե՛ իրավասու գերատեսչությունների և թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ աշխատանքային քննարկումներից հետո մի քանի խոշոր կառուցապատողների համախմբման արդյունքում Ընկերության կողմից հատկացվեցին միասնական տեխնիկական պայմաններ՝ նոր ԳԲԿ-ների և դեպի Արաբկիր վարչական շրջան գազաբաշխիչ ցանցի կառուցման համար։
Զուգահեռաբար Երևան քաղաքի մյուս հատվածների օրեցօր աճող գազասպառման ծավալների պահանջի բավարարման նպատակով, գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվեց «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), ըստ որի՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ (ԳՃԿՀ) և հիմնական սնող գազատարներ հետևյալ ուղղություններով.
1-ին փուլ` Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված,
2-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված,
3-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավային հատված,
4-րդ փուլ՝ Երևան քաղաքի Արևելյան հատված։
Ներկայումս Ծրագրի I և II փուլերի ուղղություններով՝ այլ նախաձեռնողների կողմից, ժամանակացույցով նախատեսված ժամկետներից շուտ, արդեն իսկ կառուցվել են ԳՃԿՀ-ներ և հիմնական սնող գազատարներ, որոնց մինչև 2024թ.-ի ավարտը Ընկերությանը որպես սեփականություն հանձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են և կնքնվել է գույքի հանձնման նախնական պայմանագիր: Նշված գործառույթների ավարտից հետո Ընկերության կողմից սահմանված կարգով կիրականացվեն վերը նշված համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման գործառույթները։
Ծրագրի III և IV փուլերի մասով Ընկերությունն իրականացրել է անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, հիդրավլիկական հաշվարկների իրականացման, նախնական ուղեգծերի ընտրության աշխատանքները և ներկայումս ընթանում են նախագծերի մշակման աշխատանքները:
Ծրագրի ամբողջական ավարտից և ստեղծված նոր համակարգերը սահմանված կարգով շահագործելուց հետո Ընկերությունը Երևան քաղաքի ողջ տարածքում կապահովի անհրաժեշտ ռեժիմով գազամատակարարում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 686 ԿԲ)