Էներգետիկ անվտանգության թեմայով սեմինար լրագրողների համար
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպել էր սեմինար լրագրողների համար «Տարածաշրջան․ էներգետիկ գործընթացներ» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են հայաստանյան ավելի քան 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Սեմինարի բանախոսներն էին միջազգայնագետ, էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը և էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը, ովքեր խոսեցին էներգետիկ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերների, Հայաստանում և տարածաշրջանում էներգետիկ գործընթացների մասին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Պլանա-տնտեսագիտական բաժնի պետ Վահագն Մաթևոսյանը ներկայացրեց Ընկերության ընթացիկ գործունեությունը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին տեղեկատվությունը։
Այս համատեքստում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ, առաջիկա տասը տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվ ներդրումային գործունեություն առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով:
Ա․Հակոբյանը նաև հայտնեց, որ այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն ակտիվորեն և հետևողական իրականացնում է արտադրական և աշխատանքային գործընթացների թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ծրագրեր։
«Մասնավորապես, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի աշխատանքի հուսալիության և անվտանգության մակարդակը, արտադրական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ընկերությունում ներդրվում է օպերատիվ-կարգավարական կառավարման համակարգը, որը թույլ կտա ապահովել բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերի տեխնոլոգիական և արտադրական գործընթացների արդյունավետ ավտոմատացված վերահսկողություն և կառավարում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Ա․Հակոբյանն անդրադարձավ նաև Ընկերության կադրային և սոցիալական քաղաքականությանը։
«Մեր կադրային ռազմավարության կարևոր ուղղություններից է երիտասարդ մասնագետների ներգրավումը, որի շրջանակում „Գազպրոմ Արմենիա“-ն նախաձեռնել է ուսանողների նպատակային պատրաստում Ռուսաստանի Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետները կհամալրեն մեր կադրային ռեզերվը, կանցնեն աշխատանքի ընկերությունում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Մեծացված լուսանկար (JPG, 456 ԿԲ)