Թունավորման դեպքերի մեծամասնությունը լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչներից է լինում, կխնդրեի՝ դուրս բերել. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ տնօրեն
Ջեռուցման սեզոնը երկու ամիս է, ինչ սկսվել է, սակայն արդեն 10 և ավել թունավորման դեպքեր ունենք: Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ տնօրեն Արման Նալբանդյանը:
«Առաջին հերթին գազ սպառող բաժանորդները իրենք պիտի ամեն օր պահպանեն անվտանգության տարրական կանոնները, չպահպանելով գալիս ենք դժբախտ դեպքերի, պատահարների, թունավորումների: Տեսեք, ջեռուցման սեզոնը երկու ամիս է, ինչ սկսվել է, արդեն 10 և ավել թունավորման պատահարներ ունենք: Հիմնականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ թունավորման պատճառ են հանդիսանում լոգարաններում տեղադրված ջրատաքացուցիչները, ծխատարով ջրատաքացուցիչները։ Ես կխնդրեի, որպեսզի, հնարավորության դեպքում, բաժանորդները ջրատաքացուցիչները լոգարաններից դուրս բերեն այլ սենյակներ և տուրբոհամակարգով տեղադրեն, որովհետև, տեսեք, հիմնականում նախկինում թույլատրում էին ջրատաքարացուցիչներ տեղադրել լոգարաններում, հիմա չեն թույլատրում, այսինքն մենք չենք կարող պարտադրել, բայց ես խնդրում եմ, հորդորում եմ դուրս բերել, որովհետև, եթե բոլոր պայմանները բավարար են, նորմալ են, ծխատարի քարշը լավ է, օդատարի քարշը լավ, ամեն պայմանները բավարարում են, բայց արտաքին գործոնների ազդեցության ներքո թունավորման առաջ ենք կանգնում։ Այսինքն, այստեղ պայմանները, ամեն ինչ բավարար է, բայց ուժեղ քամիների դեպքում, մառախլապատ եղանակների դեպքում, բարձր ջերմաստիճանի դեպքում արգելվում է օգտագործելը։ Ինչպես նաև ծխատարի վերևի մասը ինքը տաք է, թռչուններ գալիս, կանգնում են, որպեսզի տաքանան այդ գազերից և սատկում ընկնում են ծխատարի մեջ, փակելով ծխատարը։ Ուստի տեխնիկական նորմերը, ամեն ինչ բավարար լինելն էլ դա քիչ է, որպեսզի անվտանգ լինի այդ համակարգը։ Շատ վտանգավոր է օգտագործման համար, որովհետև փակ տարածք է, բաղնիքները հիմնականում փոքր տարածք են, իսկ գազի այրման համար հարկավոր է օդ, մաքուր օդ, թթվածին, որպեսզի մաքուր այրում կատարվի։ Տարածքը փոքր է, մի քանի րոպե օգտագործելուց հետո թթվածնի քաղց է առաջանում, թերայրում է սկսում, ինչպես նաև լոգանք ընդունողն էլ ջրային գոլորշիներից արդեն մարմինը թուլացած է և շատ ավելի արագ է կատարվում թունավորման պրոցեսը», — ասաց նա։
Նալբանդյանի խոսքով՝ նախորդ տարիների փորձն էլ, վիճակագրությունը և այս տարվա համեմատականը ցույց են տալիս, որ թունավորման դեպքերի 50%-ը լոգարաններում տեղադրված ջարատաքացուցիչներից է լինում։
«Եվ ամենակարևորը, ձայնազդանշային անվտանգության համակարգը այնտեղ չի լինում տեղադրել բարձր խոնավության պատճառով, և թունավորման դեպքերը ավելի շատ են լինում», — ասաց նա
Նալբանդյանը նշում է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որտեղ ձայնազդանշանային անվտանգության համակարգը մասսայաբար տեղադրվեց, և տեղադրելուց հետո բարձրացավ անվտանգության մակարդակը, նվազեց դժբախտ դեպքերի և թունավորումների թիվը:
«Կխնդրեի, կպարտադրեի, կհորդորեի գազ սպառող բաժանորդներին, որ դրանք 24 ժամյա ռեժիմով միացված պահեն, որովհետև ձայնազդանշանային անվտանգության համակարգը գործարկվում է երեք դեպքում՝ մեթան գազի, բնական գազի առկայության դեպքում, շմոլ գազի առկայության դեպքում և բարձր ջերմաստիճանի դեպքում, հրդեհների դեպքում։ Շմոլ գազը՝ անհոտ, անգույն գազ է, անզեն աչքով չես կարող տեսնել, չես կարող զգալ։ Ուստի, ձայնազդանշանային անվտանգության համակարգը բաժանորդները պետք է 24 ժամյա ռեժիմով միացված պահեն։ Ձայնաազդանշանային անվտանգության համակարգը իմպուլսներ է հաղորդում շմոլ գազի առկայության դեպքում կամ բնական գազի առկայության դեպքում, հենց վայրկյանական իմպուլս է տալիս և ավտոմատ անջատիչ կափույրի միջոցով փակում է գազի հոսքը դեպի բնակարան։ Ուստի, ձայնազդանշանային անվտանգության համակարգը, եթե իմպուլսներ է տալիս և փակում գազի մուտքը դեպի բնակարան, ուրեմն բնակարանում մի խնդիր կա։ Եթե փակվեց գազի մուտքը, զանգում ենք տվյալ տարածքը սպասարկող ընկերության աշխատակցին, գալիս է, նայում է համակարգը, եթե ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, թույլ է տալիս հետագա շահագործումը գազասարքերի», — հավելեց նա։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 343 ԿԲ)