Ա․Հակոբյան․ Առաջնահերթ խնդիրը մնում է գազաբաշխման համակարգի աշխատանքի հուսալիության և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում (ԳԳՄ), որին ներկա էին Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։
Ա․Հակոբյանը նշեց, որ սա ամփոփիչ խորհրդակցություն է, նման ձևաչափով աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազաֆիկացման և գազամատակարարման բոլոր մասնաճյուղերում։
«Ամփոփում ենք արտագնա խորհրդակցությունների շարքը և պետք է ասել, որ այս հանդիպումները շատ արդյունավետ են, քանի որ տեղում ծանոթանում ենք հրատապ հարցերին, առարկայական քննարկումների արդյունքում կայացնում որոշումներ և ծրագրեր կազմում հետագա անելիքների վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրները գրեթե նույնն են, որոնք պետք է համակարգել և տալ հնարավոր լուծումներ՝ հստակ ժամանակացույցով: Ես կարևորում եմ այս քննարկումների արդյունավետությունը աշխատանքի պլանավորման տեսանկյունից, փորձելու ենք շարունակական դարձնել՝ ըստ ուղղությունների», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի արտադրական գործունեությանը վերաբերող հիմնական ցուցանիշները, քննարկվեցին մասնաճյուղի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր։
Երևանի ԳԳՄ-ի կողմից ներկայում սպասարկվում են շուրջ 2 431 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 6 970 միավոր գազի կարգավորիչ կետեր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է շուրջ 16 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 35 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։ Բնակիչ-բաժանորդների թիվը գերազանցում է 308 400-ը։
Առանձին անդրադարձ կատարվեց Երևանի ԳԳՄ-ի սպասարկման տարածքում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման գործընթացին։ Նշվեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ծրագրով՝ փուլային եղանակով նախատեսվում է կառուցել թվով 4 նոր ԳՃԿ հանգույցներ և հիմնական սնող գազատարներ։ Ընդգծվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, կառուցապատողների, համայնքային ու պետական մարմինների համագործակցության արդյունքում նշված աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսված ժամանակացույցերի։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, Ա․Հակոբյանը նշեց, որ Երևանի ԳԳ մասնաճյուղը արձանագրում է բարձր ցուցանիշներ:
«Հաշվի առնելով մասնաճյուղի աշխատանքի համեմատաբար մեծ ծավալները՝ առաջնահերթ խնդիրը մնում է գազաբաշխման համակարգի աշխատանքի հուսալիության և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը։ Առանձնահատուկ կարևորում եմ „Էյ-Ի-Ջի Սերվիս“ ՍՊԸ-ի հետ համատեղ աշխատանքը՝ անվտանգ գազամատակարարման ապահովման առումով օպտիմալ արդյունքների հասնելու համար», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Խորհրդակցությունից հետո Ա․Հակոբյանը շրջայց կատարեց Երևանի ԳԳՄ-ի տարածքում, ծանոթացավ «Մեկ պատուհան» սպասարկման կենտրոնի աշխատանքին, ինչպես նաև այցելեց վթարակարգավարական 1–04 ծառայության մասնաշենք։
Մեծացված լուսանկար (JPG, 507 ԿԲ)