ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը:

Նիստի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի, «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով Հայաստանի Հանրապետության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ հայերեն լեզվով ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ։

«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը նաև իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական չափորոշիչների և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերի համաձայն՝ ռուսերեն լեզվով հայոց լեզվի պարտադիր դասավանդմամբ։

Հիմնարկի կրթական գործունեության հավաստագրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կրթական գործունեության հավատարմագրումը՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան։

Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ռուսաստանյան չափորոշիչներով կրթություն ստանալ Ուսումնա-սպորտային համալիրում, որի կազմում գործում է 700 աշակերտի համար նախատեսված դպրոց։



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am