«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Ամփոփելով անցնող տարին ու մեր Ընկերության արտադրատնտեսական ցուցանիշները` կրկին արձանագրում ենք հուսադրող արդյունքներ, և, սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ՝ ոտք ենք դնում հաջորդ տարի նոր ծրագրերով և զարգացման մեծ ակնկալիքներով:
Մեր ամենօրյա հավաքական աշխատանքն ուղղված է մի կարևոր նպատակի՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում համարժեք, նշանակալի մասնակցություն և հուսալի, անխափան ու անվտանգ գազամատակարարում, որն իրականացնում ենք համատեղված ջանքերով ու ամենայն պատասխանատվությամբ:
«Գազպրոմ Արմենիա»-ն այսօր ներկա է հանրապետության շուրջ 650 քաղաքային ու գյուղական համայնքներում՝ մասնակից լինելով ջերմության ու հարմարավետության ապահովմանը ավելի քան 770 հազար ընտանիքներում:
Մենք ևս մի մեծ ընտանիք ենք, որը կոչվում է «Գազպրոմ Արմենիա» և կրում է ընտանիքին բնորոշ բոլոր լավ որակները՝ ավանդույթներով, ձեռք մեկնելու պատրաստակամությամբ, ամբիցիոզ նպատակասլացությամբ ու հայրենասիրության գիտակցումով:
Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին բոլոր տներում ու ընտանիքներում, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին, որ ասելու եք միմյանց սիրով ու ուրախությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ առողջություն և բարօրություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թո՛ղ 2025 թվականը լինի նոր ձեռքբերումների ու բոլոր նվիրական երազանքների իրականացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն