«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 700 գիրք նվիրեցին մի շարք դպրոցների և ռուսական համայնքի կենտրոններին
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները գրքեր նվիրեցին մի շարք դպրոցների գրադարանների։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում այս տարի հավաքվեց ավելի քան 700 նոր ռուսալեզու գիրք։ Նախաձեռնությունը կազմակերպված էր Գիրք նվիրելու օրվա առթիվ, որը նշվում է Հայաստանում փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Չնայած ակցիան անցկացվել էր «Յուրաքանչյուրը մեկ գիրք» կարգախոսի ներքո, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի և մասնաճյուղերի աշխատողների կողմից տրամադրվել են մեկից ավելի գրքեր: Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ։
Այս տարի ՀՀ «Ռոսիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ հավաքված գրքերը փոխանցվեցին «Ռոսիա» ՀԿ-ին կից «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի, Վանաձորի Ա․Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի, ինչպես նաև Գյումրիում ՌԴ սահմանապահ զորամասին կից դպրոցի, Սևանի Վ․Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի գրադարաններին։
Կարևորելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների ակցիայի նշանակությունը՝ դպրոցի ներկայացուցիչները նշեցին, որ նոր գրքերը հիանալի նվեր են դպրոցականների համար և նման նախաձեռնությունների շնորհիվ նորովի արժևորվում է գրքի ու գրականության դերը, աշխուժանում է երեխաների հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ, ինչը շատ կարևոր է այս թվային դարում, երբ «կենդանի գիրքը» աստիճանաբար մոռացվում է։
Մեծացված լուսանկար (JPG, 362 ԿԲ)