«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնում բնական գազի հնարավոր օրինախախտումների քննության ընթացքում համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի և այլ իրավապահ մարմինների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից 10/03/2025 թվականին տարածված հաղորդագրության (պաշտոնական կայքում https://investigative.am/news/gazalcakayanner հղմամբ) համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատերերի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ արձագանքելով նշված հաղորդագրության մեջ տեղ գտած հայտարարությանը և չխախտելով որևիցէ մեկի անմեղության կանխավարկածը, հայտնում է, որ եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու միջոցով, ապա մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները, այդ թվում ծրագրային միջամտության միջոցով խեղաթյուրելը հանդիսանում է ինչպես առևտրային հաշվառքի սարքի խախտում` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, այնպես էլ հաշվառման սարքերի բնականոն աշխատանքին ապօրինի միջամտություն, որն արգելված է օրենքով: Ընդ որում, չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ մշտապես իրականացնում է սպառողների կողմից բնական գազի մատակարարաման և օգտագործման կանոնների պահպանության նկատմամբ հսկողություն, և պարբերաբար բացահայտում է բնական գազի օգտագործման կանոնների խախտումներ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է իր բաժանորդներին հետամուտ լինել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների դրույթների պահպանմանը և զերծ մնալ առևտրային հաշվառքի սարքերի նկատմամբ որևէ ներգործությունից կամ շրջանցումից։
Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտնում է, որ բաժանորդներին մատակարարված բնական գազի հնարավոր գողության դեպքում հանդիսանում է տուժող կողմ, և վերը նշված՝ 10/03/2025 թվականին տարածված հաղորդագրությամբ ներկայացված քննության ընթացքում բնական գազի հնարավոր օրինախախտումների դեպքում իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու ՀՀ քննչական կոմիտեի և այլ իրավապահ մարմինների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն