Ա․ Հակոբյան․ Փետրվարին արձանագրված օրական սպառման պիկային ծավալների պայմաններում համակարգը գործել է անխափան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվեցին գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) փետրվար ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, ԳԳ մասնաճյուղերի աշխատանքին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Նշվեց, որ ջեռուցման ժամանակահատվածում փետրվարին ցածր ջերմաստիճանով պայմանավորված գրանցվել են բնական գազի սպառման առավելագույն ցուցանիշներ։ Ըստ օպերատիվ տվյալների, փետրվարին սպառման միջին օրական ծավալները հասել են 14 մլն խ. մ. ցուցանիշի:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը կարևորեց, որ օրական սպառման պիկային ծավալների պայմաններում համակարգը գործել է անխափան, ինչը ԳԳ մասնաճյուղերի անձնակազմի համակարգված, շուրջօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքի արդյունքն է։ 

Տեղեկացվեց, որ նշված ժամանակահատվածում համակարգում գրանցվել են նվազագույն քանակով վթարային իրավիճակներ, բոլոր դեպքերում վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով եղանակային ցուրտ պայմանները և սպառողներին նվազագույն անհարմարություն պատճառելու առաջնահերթ խնդիրը։

Միաժամանակ բարձր ցուցանիշներ են արձանագրվել հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար վճարումների հավաքագրման մասով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am