«ՀայՌուսգազարդ»-ը՝ Արցախի հեռավոր շրջանների դպրոցներին

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթին, հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական հաստատությունների համար: Այս տարվա այցելությունն առանձնահատուկ էր նրանով, որ Ընկերությունը նվիրատվություն էր կազմակերպել Արցախի մի շարք հեռավոր շրջանների դպրոցներում:

«ՀայՌուսգազարդ»-ը մարզական գույք, համակարգիչներ և հեռուստացույցներ փոխանցեց Մարտակերտի շրջանի, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի, Քաշաթաղի շրջանի Շալուա և Հակ գյուղերի դրպրոցներին: Բացի այդ, Ընկերության աշխատակիցները նվերներ փոխանցեցին Շուշիի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցին և Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը, որի սաները բացի մարզական գույքից, համակարգչից և հեռուստացույցից ստացան նաև բազմաթիվ և տարատեսակ խաղալիքներ:

Ինչպես ընդգծեցին Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմների ներկայացուցիչները, «ՀայՌուսգազարդ» ընկերության այս նախաձեռնությունը շատ կարևոր է և մեծ նշանակություն ունի, քանի որ տեղի դպրոցներն իսկապես մարզական գույքի մեծ կարիք ունեն:
«Մեր բարերաների շարքը համալրվել է ևս մեկ բարերարով, և ուրախ ենք նաև, որ առաջին քայլը ձեռնարկվել է հենց Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում, քանի որ շրջանում գործում են 42 ուսումնական հաստատություններ և թիվ 1 դպրոցում կենտրոնացված է մեր աշակերտների 20 տոկոսից ավելին: Ուստի այս դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի», — նշեց Մարտակերտի շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Ժասմեն Դավթյանը:
Մարտակերտի Վ.Բալայանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանն էլ հայտնեց, որ «ՀայՌուսգազարդ»-ի նվիրատվությունն իրենց համար անակնկալ էր և նշանակալի, քանի որ կրթօջախը մարզադահլիճ ունի, սակայն առայսօր կահավորված չէ համապատասխան մարզական գույքով:
ԼՂՀ Շահումյանի շրջվարչակազմի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծեցին, որ «ՀայՌուսգազարդ»-ի այս բարի նախաձեռնությունը փաստում է, որ կայացման փուլում գտնվող շրջանի բնակիչներն ուշադրության կենտրոնում են, իսկ նման նախաձեռնությունները նպաստոմ են որակյալ ուսման ապահովմանը:
«Համոզված ենք, որ այս մարզագույքի օգնությամբ մեր երեխաները կկարողանան նոր, ավելի բարձր արդյունքների հասնել», — նշեց ԼՂՀ Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռոմա Բաբաջանյանը:
Ինչպեղ նախկինում, այս տարի նույնպես մեծ ոգևորությամբ ընդունվեցին «ՀայՌուսգազարդ»-ի նվերները Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Հաստատության աշխատակիցների խոսքով, Ընկերությունն արդեն դարձել է իրենց սաների մեծ բարեկամը:
«Ամեն տարի „ՀայՌուսգազարդ“-ի ներկայացուցիչներն այցելում են մեր սաներին, երեխաներին փոխանցում բազմաթիվ նվերներ, իսկ նրանք շատ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են դիմավորում իրենց բարեկամներին „ՀայՌուսգազարդ“-ից», — նշեց գիշերօթիկ հաստատության դաստիարակ Կամելա Աղաջանյանը:
Ի դեպ, ինչպես հայտնեց հաստատության տնօրենը, գիշերօթիկի սաների համար նախատեսված է կառուցել նոր շենք մարզադահլիճով, որը կհամալրվի «ՀայՌուսգազարդ»-ի կողմից մի քանի տարվա ընթացքում փոխանցված մարզագույքով:
Լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ»-ը 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում: