Բացվեց Իրան-Հայաստան գազամուղը

Այն նոր էջ է երկկողմ հարաբերություններում


Երեկ ժամը 14.04-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ագարակի մոտակայքում վառեցին երկու երկրների դրոշներով զարդարված ջահը, ինչով ազդարարվեց Իրան-Հայաստան գազատարի փորձարկումը։ «Գազամուղի բացումը պատմական իրադարձություն է եւ նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում»,-ասաց ՀՀ նախագահը։ «Ուրախ եմ, որ գազամուղը բացելու եւ հայ ժողովրդին մի նոր ծառայություն մատուցելու հնարավորություն ունեմ։ Երկկողմ հարաբերությունները վերջին տասնհինգ տարիներին միշտ վերընթաց զարգացում են ապրել եւ ապրում են»,-ասաց ԻԻՀ նախագահը։

Չնայած բազմաթիվ դժվարություններին, այդ թվում՝ եղանակային (երեկ Հայաստանի հարավային դարպասների մոտ փոթորկոտ եղանակ էր, եւ Իրանի նախագահը դժվարությամբ էր կարողացել հասնել Մեղրի, քանի որ նրա ուղղաթիռը հարկադրված էր կես ճանապարհից հետ դառնալ, եւ միայն երկրորդ թռիչքն էր հաջողվել), հայ-իրանական գազամուղը վերջապես բացվեց։ Կախված եղանակային փոփոխություններից՝առաջիկա մի քանի ամսում վերջնական թեստավորումն ու փորձարկումները ավարտելուց հետո գազատարը կգործի ամբողջ թափով։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը Քաջարանից Արարատ շարունակում է իրանական գազատարի խողովակաշարի կառուցումը, ինչից հետո գազատարի թողունակությունը 400 մլն խմ-ից կհասնի 2, 3 մլրդ խմ-ի։ Այս նախագծի համար, որը նախատեսված է ավարտել 2008թ., ինչպես հայտնեց ընկերության գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանը, «ՀայՌուսգազարդը» 150 մլն դոլարին համարժեք ներդրում է արել։

Ուժեղ անձրեւի եւ քամու պատճառով նախագահները ջահի մոտ հավաքված մեղրեցիներին երկար չսպասեցրին եւ նրանց շնորհավորելով ու մի քանի բառ փոխանակելով, գնացին հանդիպելու Հայաստանից եւ Իրանից ժամանած տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Իր հայրենիքի սահմանից ընդամենը հազար մետր հեռու՝ Հայաստանում, Մահմուդ Ահմադինեժադը ասաց, որ իր այս այցը կարճատեւ էր, բայց շատ բովանդակալից. «Երկու երկրների ժողովուրդները լիակամ են է՛լ ավելի զարգացնելու եւ ընդարձակելու մեր երկկողմ հարաբերությունները։ Կարծում եմ, որ կյանքի կոչվող այս նախագծերը է՛լ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բարեկամությունը»։ 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի առաջ ծառացան բազմաթիվ դժվարություններ, որոնց մասին ծանր հիշողությունը հետզհետե նահանջում է, բայց. «Անկասկած, բոլորս հիշում ենք Իրանի ժողովրդի եւ իշխանությունների կողմից ցուցաբերած բարի կամքը եւ մեզ օժանդակելու պատրաստակամությունը,- ասաց ՀՀ նախագահը,-մեր հարաբերությունները ընթանում են կանոնակարգված կերպով, եւ մենք շնորհակալ ենք իրանական կողմին՝ այս ձեռքբերման համար։ Ընդամենը 15 տարի առաջ Մեղրիում մեր երկու երկրներին կապող ոչ մի բան չկար, բացի մի քանի շարք փշալարից, որը խորհրդանշում էր Խորհրդային Միության սահմանը։ Չկար այն կամուջը, որտեղ այսօր ես դիմավորեցի իմ գործընկերոջը եւ որով, օրինակ, անցած տարվա ընթացքում ավելի քան 6 հարյուր հազար տոննա բեռ է փոխադրվել։ Եվ ընդամենը 10 տարի առաջ մեր էներգետիկ համակարգերը կապված չէին ընդհանրապես։ Այսօր մենք խոսում ենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարության մասին»։

Ռոբերտ Քոչարյանը երկկողմ հարաբերությունների դինամիկան գնահատեց օրինակելի, իսկ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց. «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքում Իրանը ոչ մի խոչընդոտ չունի։ Շատ ուրախ ենք Հայաստանի ժողովրդի զարգացման տեմպերով։ Ցանկացած կառուցողական քայլ եւ նախագիծ, որ իրականացվում է Հայաստանում, ուրախալի է մեզ համար»։

Երեկ Իրանի նախագահի՝ ընդամենը ժամեր տեւած այցի ընթացքում կողմերը քննարկեցին նախկինում ձեռ քբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ ձեռք բերեցին նոր պայմանավորվածություններ. մասնավորապես, երկու երկրների էներգետիկայի նախարարները երեկ ստորագրեցին Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնանագիր։ Համատեղ մամուլի ասուլիսում նախագահները խոսեցին նաեւ այդ մասին։ Նախագահ Ահմադինեժադը, այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ ծրագրեր են քննարկվել եւ որո՞նք ինքը կհամարեր առաջնային, թվարկեց բանակցությունների օրակարգում եղած մի քանի հարցեր՝ էներգետիկ, առեւտրատնտեսական, ապրանքաշրջանառության, ջրային ռեսուրսների, կապի եւ այլն. «Շուտով համապատասխան փորձագիտական աշխատանքներ կկատարվեն այս ոլորտներում։ Մենք երկու երկրների զարգացումը դիտում ենք ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության»։ 

Նախագահ Քոչարյանը հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը նույնպես դիտարկեց ավելի լայն համատեքստում՝ շեշտադրելով նախ եւ առաջ քաղաքական ակտիվ շփումները, ինչը հնարավոր է դառնում միջկառավարական հանձնաժողովի միջոցով. «Սա հնարավորություն է տալիս իրար լավ հասկանալ, չանել քայլեր, որոնք բարեկամական երկիրը ինչ-որ տեղ վատ կընկալի կամ կդիտի որպես իր անվտանգությանը սպառնալիք։ Չափազանց կարեւոր է զգայուն դաշտ չձեւավորել մեր հարաբերություններում եւ փորձել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեր տնտեսությունները շատ ավելի լուրջ կկապեն իրար ոչ միայն առեւտրային, այլեւ ենթակառուցվածքների ոլորտում։ Սա մեր հարաբերությունների քաղաքական շփումների, տնտեսական ոլորտում կատարվող քայլերի բովանդակությունն է եւ սա ենթադրում է երկկողմ զարգացման լուրջ հեռանկարաներ»։

Հեղինակ: Ծովինար Նազարյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ