Համագործակցությունը բարձրացնել որակական նոր մակարդակի
ՀՀ պաշտպանության նախարարը՝ Մոսկվայում
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպմանը։
Սերգեյ Իվանովի նոր նշանակումից հետո առաջին անգամ երեկ Մոսկվայում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՌԴ առաջին փոխվարչապետը, տեղեկացրել է «Հայլուր» լրատվական ծրագիրը։ Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Իվանովը քննարկել են արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տնտեսության եւ կրթության հարցեր։ Շեշտվել է համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։
Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափել են պաշտպանական ոլորտում գործակցությունը խորացնելու հարցը, անդրադարձել են նաեւ երկու երկրների քաղաքական զարգացումներին։
*** Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը դժգոհություն է հայտնել «Գույք պետական պարտքի դիմաց» ծրագրի իրացման գործընթացից։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, երեկ Մոսկվայում հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո Ի. Լեւիտինը նշել է, որ Ռուսաստանին հանձնված ձեռնարկութունները, գործնականում, պարապուրդի են մատնված։ «Եթե պատվերներ լինեն, ձեռնարկությունները կաշխատեն»,-հայտարարել է Լեւիտինը, ավելացնելով, որ պատվերնեըր պետք է ստացվեն ռուսական կողմից։
Հիշեցնենք, որ դեռ 2003 թվականին Հայաստանը իր 100 մլն դոլար պետական պարտքի մարման հաշվին ՌԴ-ին հանձնեց իր հինգ ձեռնարկությունները՝ «Մարս» գործարանը, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն, Կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ն, Նյութաբանության ինստիտուտը եւ Հրազդանի ՋԷԿ-ը։ Սակայն Հրազդանի ՋԷԿ-ից բացի մյուս ձեռնարկությունները լիովին պարապուրդի են մատնված։ Այդուհանդերձ, հանձնաժողովի երկու համանախագահները (հայկական կողմից՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը) գոհունակություն են հայտնել կայացած հանդիպումից։
*** Մոտ ժամանակներս Ռուսաստանը մտադիր չէ բացել Վրաստանի հետ սահմանում «Վերին Լարս» անցակետը՝ տեխնիկական պատճառներով։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը հայաստանյան համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը փաստել են 2006 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխադրումների ծավալների զգալի նվազումը՝ 2006 թվականի հուլիսից «Վերին Լարս» հսկիչ անցակետի փակման պատճառով։ Ռազմավիրական ճանապարհի ռուսական «Վերին Լարս» բարձրլեռնային անցակետը փակվել է պլանային վերակառուցման նպատակով։ Հսկիչ անցակետի փակման հետեւանքով Հայաստանը զգալի վնասներ է կրում։
ՌԴ ԱԴԾ հյուսիսկովկասյան սահմանապահ վարչության շտաբի ներկայացուցիչների հավաստմամբ, «Վերին Լարսի» վերակառուցման ծավալը հսկայական է. ստեղծվելու են սահմանային վերահսկողության ամենաարդիական սարքավորմամբ զինված ծառայություններ, արմատապես բարելավվելու են սպայական եւ շարքային անձնակազմի կենցաղային պայմանները, այդ պատճառով առայժմ հնարավոր չէ նշել վերակառուցման ավարտի հստակ ժամկետներ։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ