Հոլանդական բարձունքներ
Բնակավայրերի եւ արդյունաբերության ճյուղերի գազաֆիկացման մակարդակը այսօր այն կարեւորագույն ցուցանիշներից է, որը բնորոշում է տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման որակը: Եվրոպական երկրներում, որոնք մեծամասամբ չունեն բնական գազի սեփական աղբյուրները, այդ ցուցանիշը բարձր մակարդակի է: ԱՊՀ երկրներից շատերը վերջին տարիներին ակտիվորեն առաջ են տանում ազգային ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նրանց հասնել գազաֆիկացման եվրոպական նշաձողին: Գազաֆիկացման մակարդակով Եվրամիության երկրները զգալիորեն տարբերվում են միմյանցից, բայց նրանց մեջ դիֆերենցացիան զգալիորեն նվազ է, քան տարբերության ցուցանիշը ռուսական ռեգիոններով: Ամենաբարձր մակարդակին կարողացան հասնել Նիդերլանդները. ընդամենը 0,1 տոկոս չբավարարեց աշխատասեր հոլանդացիներին 100 տոկոսանոց ցուցանիշի հասնելու համար: Նիդերլանդների գազային ճյուղի զարգացման պատմությունը մասամբ հիշեցնում է Ռուսաստանյան իրավիճակը (միայն թե արդյունքները առայժմ շատ տարբեր են): Հոլանդիայի հյուսիսում գտնվող Գրոնինգենյան հանքավայրի հայտնաբերումից հետո հոլանդացիները ընդունեցին դա որպես երկնային շնորհ, որը կօգնի բարձրացնել երկրի զարգացման մակարդակը: Եւ պետք է նկատել, որ նրանք չսխալվեցին: Նիդերլանդների կառավարությունը կարողացավ հաջողությամբ իրացնել էներգետիկ ազգային ռազմավարությունը, որի շրջանակներում համատարած գազաֆիկացումը իրականացվում էր էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրման եւ նոր` փոքր հանքավայրերի ուսումնասիրության քաղաքականության հետ զուգահեռ: Սա թույլ տվեց հասնել գազաֆիկացման աշխարհում ամենաբարձր մակարդակի եւ բազմապատկեց երկրի բարեկեցությունը: Իսկ ոչ այնքան վաղ միացյալ Եվրոպայի շարքեր մտած Լեհաստանում գազաֆիկացիայի մակարդակը ընդամենը 40 տոկոս է: Այս ցուցանիշի բարձրացման որոշակի հեռանկարը փորձագետները կապում են վերջերս ռուսական «Գազպրոմի» եւ գազի բաշխմամբ զբաղվող լեհական «CP Energia S.A» ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրի հետ: Իսկ ընդհանրապես, Եվրամիության երկրներում գազաֆիկացիայի մակարդակը 86 տոկոս է, ինչը զգալիորեն բարձր է ԱՊՀ երկրների մակարդակից: ԱՊՀ երկրների շարքում գազաֆիկացիայի մակարդակով առաջատարը Հայաստանն է. գազաֆիկացիայի մասշտաբային ծրագիրն այստեղ իրականացնում է հայ-ռուսական համատեղ «Հայռուսգազարդ» ընկերությունը: Վերջին տարիների ընթացքում լեռնային այս հանրապետությունում գազաֆիկացիայի մակարդակը աճել է մոտ 4 անգամ` 22 տոկոսից հասնելով 84 տոկոսի: Ընդ որում, հայկական «Հայռուսգազարդի» ղեկավարությունը չի պատրաստվում կանգ առնել եւ հայտարարագրում է իր հավակնոտ նպատակը` 2008 թվականին հասնել Նիդերլանդների մակարդակին: Ի դեպ, Հայաստանը բնական գազով աշխատող ավտոմեքենաների մակարդակով այսօր հանդիսանում է համաշխարհային առաջատարը` շահագործվող ավտոմեքենաների 30 տոկոսը հագեցած են գազային սարքավորումներով: Հայաստանի ծոծրակին շնչում է Ուզբեկստանը, որը զբաղեցնում է երկրորդ տեղը ԱՊՀ-ում: Ինքնուրույն կյանքի տարիներին գազային սալիկները բռնկվեցին երկրի հարյուրավոր հեռավոր շրջաններում, եւ երկնագույն վառելիք ստացան հազարավոր նոր սպառողներ: Բնակչության, արդյունաբերության եւ տնտեսության այլ ճյուղերի գազաֆիկացիայի ծավալը այստեղ հասել է 75 տոկոսի: Ուկրաինայում գազաֆիկացիայի մակարդակը նույնն է, ինչ Ռուսաստանում մինչեւ «Գազպրոմի» ծրագրի իրականացման սկիզբը` 53 տոկոս: Տեղացի փորձագետները համարում են, որ առաջիկա տարիներին այս նշաձողը կարելի է բարձրացնել մինչեւ 80 տոկոս: Այսպիսի արդյունքի համար նախադրյալ կարող է դառնալ գյուղական շրջանների գազաֆիկացիայի բարձր մակարդակը. Ուկրաինայի գյուղական վայրերում ավանդաբար օգտագործվում է գազը, եւ որոշ ռեգիոններում գազաֆիկացիայի ցուցանիշը 90 տոկոս է: Մոլդովայի համար բնորոշ է գազաֆիկացիայի ոչ բարձր մակարդակը, որտեղ գազով ապահովված է բնակավայրերի միայն 32,2 տոկոսը: Սակայն այստեղ նույնպես կառավարությունը ընդունել է գազաֆիկացիայի ազգային ծրագիր, որի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 140 մլն դոլար է: Դրա իրականացումը նախատեսում է ավելի քան հազար բնակավայրերի գազաֆիկացում: Ծրագրի մշակողների կանխատեսումներով, սա թույլ կտա 2009-ին հասնել գազաֆիկացման 90 տոկոս ցուցանիշի:
Աղբյուր: «Հայկական ժամանակ» թերթ