Գազաֆիկացումն ազգային նշանակության սոցիալական ծրագիր է
ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը «Գազպրոմ» ընկերության կողմից 2007թ. գազաֆիկացման արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ռեգիոնների գազաֆիկացումը սոցիալական լուրջ բաղադրիչ է, հետեւաբար անթույլատրելի է դրա ծախսերը բնակչության ուսերին բարդելը։
Փոխվարչապետի տվյալներով, գազի անցկացումը ՌԴ առանձին ռեգիոնների քաղաքացիների (յուրաքանչյուր բաժանորդի) վրա նստում է 120–160 հազար ռուբլի, երբեմն էլ՝ 200 հազար։ Փոխվարչապետը պահանջել է հաշիվ պահանջել այն վարչական աշխատողներից (չինովնիկներից), ովքեր գազաֆիկացման ծախսերը բարդել են բնակչության վրա, ինչը թույլատրելի չէ, քանի որ, Դ. Մեդվեդեւի խոսքերով. «Մեր բնակչությունը հարուստ չէ»։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փողոցային գազատարների շինարարությունը եւ գազի միացման աբոնենտային վճարները կատարվեն միայն բյուջետային միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնումը եւ գազաֆիկացումը հիմնականում իրականացվել է «ՀայՌուսգազարդ» ընկերության ներդրումներով։
«ՀՀ տարածքում 2003–2007 թթ. ԳՎԳ» ծրագիրը, որ ընկերությունը մշակել է 2002 թվականին, նախարարությունը տալիս էր տնտեսապես առավել արդյունավետ համայնքների գազաֆիկացմանը։ Ընկերությունը ծրագրի իրականացման համար ներդրել է մոտ 82 մլն դոլար, որի շնորհիվ գազաֆիկացման մակարդակը 2002թ. 21 տոկոսից հասել է 90 տոկոսի։ Այսօր ընկերության կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի երկարությունը հասնում է 12148 կմ-ի (2002թ. 9168կմ-ի դիմաց)։ Հանրապետության էլեկտրաէներգիա սպառող 723930 բաժանորդներից 650000-ը (90%) ներկա պահին գազ օգտագործելու հնարավորություն ունի։ Նրանցից 505000-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի բաժանորդ է։ Այդ ցուցանիշը 5 տոկոսով ավելի է, քան խորհրդային տարիների ցուցանիշը։ Նախկինում գազաֆիկացված 388 համայնքներին այս ծրագրով ավելացել են չգազաֆիկացված 67 համայնքներ։ Բացի այդ, գազ սպառող են դարձել բազմաթիվ քաղաքային թաղամասեր, որոնց բնակչության թիվը միջին հաշվով տասն անգամ գերազանցում է մեկ գյուղական համայնքի բնակչության միջին թվաքանակը։
Թե գազաֆիկացման ներկա վիճակը ինչ տնտեսական արդյունավետություն է բերում Հայաստանի բնակչությանը, արտահայտում են թվերը. բնակիչ-բաժանորդների շրջանում տարեկան առաջանում է 250–300 մլն դոլար խնայողություն։ Տրանսպորտի հատվածում տարեկան տնտեսումը հասնում է 180–200 մլն դոլարի։
Գազաֆիկացման մակարդակով այսօր Հայաստանն առաջատար է ոչ միայն ետխորհրդային երկրների շարքում, այլեւ աշխարհում։ Գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման ծրագիրն իրականություն է դարձել հիմնականում «ՀայՌուսգազարդ»-ի ֆինանսական ներդրումներով։ Առանձին դեպքերում ֆինանսավորմանը մասնակցել են նաեւ համայնքները կամ բարեգործները։ Բնակիչների վրա չի դրվել գազաբաշխիչ ցանցերի շինարարության ֆինանսավորումը։ Այդպես վարվելու դեպքում Հայաստանում հնարավոր չէր լինի հինգ տարում իրականացնել ծրագիրը։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն»