«Հայռուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մամլո ասուլիսը
«Հայաստանի Հանրապետություն» ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՍՑԵԱՎՈՐՎԱԾ
Իսկ գազ սպառելը մնալու է ցանկալի Մայիսի 1-ից Հայաստանում գազի ներքին սպառման գները փոխվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ 2006 թվականից գործող պետական սուբսիդավորման ժամկետն ավարտվում է։ Եթե անցած մոտ երկու տարիներին գազի գների թանկացման տարբերությունը բոլոր սպառողների համար սուբսիդավորման եղանակով փակում էր երկրի կառավարությունը՝ պետական գույքի օտարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցներով, ապա այժմ սուբսիդավորվելու է միայն հասարակության սոցիալապես անապահով շերտը։ Երեկ այս փոփոխության առնչությամբ պարզաբանումներ արեց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։ Նրա տեղեկացմամբ, «Գազպրոմ» ընկերության կողմից 2008թ. եվրոպական երկրներ մատակարարվող գազի միջին գինը 1000 խմ-ի համար կազմում է 300–350 դոլար։ Մինչեւ այս տարվա մայիսի 1-ը հայաստանյան բնակիչ-սպառողը վճարում էր 59000 դրամ, որը 190 դոլարի սահմաններում է։ Արդյունաբերողները վճարում էին 101 դոլար։ Վճարման նոր պայմաններով բնակիչ-բաժանորդի համար 1000 խմ գազի արժեքը դառնում է 200 դոլարից քիչ ավելի, իսկ արդյունաբերության մեջ սպառողի համար՝ 153 դոլար։ Թվերն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով՝ նա նշեց, որ հարեւան Վրաստանում բնակիչ-բաժանորդը վճարում է 356 դոլար (ինչպես տեսնում ենք, խիստ մեծ է տարբերությունը), արդյունաբերողը՝ 357,6 դոլար, ավելի խոշոր սպառողը՝ 283,1 դոլար։Ըստ Կարեն Կարապետյանի, գազի գնի այս փոփոխությունը եթե մի կողմից որոշ չափով մեծացնում է բնակիչ-բաժանորդի ընդհանուր վճարային բեռը, ապա մյուս կողմից էլ հաստատում է հավասար պայմաններ։ Ասել է թե՝ այլեւս չի սուբսիդավորվում վճարունակ բնակիչը, բիզնեսմենը, այլ դա տրվում է միայն անվճարունակին։ Ընդ որում, խոսքը բոլոր 130000 անապահով ընտանիքներին է վերաբերում։ Նույնիսկ սուբսիդավորվելու են գազ չօգտագործող անապահով ընտանիքները։
Հաշվարկված է, որ միջինը 300 խմ գազ սպառողների համար, որոնց թիվը Հայաստանում մոտ 89 հազար է, տարվա կտրվածքով վճարման ավելացող բեռը կկազմի առավելագույնը 7,5 հազար դրամ։ 300–600 խմ սպառողների (մոտ 83000 բաժանորդ) վճարային ավելացող բեռը ամսական կկազմի 1000–1100 դրամ։ Մինչդեռ տրվելիք սոցվճարներն ավելի մեծ են լինելու։
«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի համոզմամբ՝ վճարման դրվածքի փոփոխությունն ընդհանուր առմամբ դժվարությունների մեջ չի գցի հայաստանյան սպառողին, քանի որ ընկերության մոտ 200 մլն դոլարի ներդրումների հաշվին ստեղծված գազատրանսպորտային եւ գազաբաշխիչ համակարգը հնարավորություն է տվել, որ բնական գազը հասնի 530000 բաժանորդի։ Դրա շնորհիվ տնտեսվում է տարեկան 250–300 մլն դոլար։ Դա նշանակում է, որ բնակիչ-բաժանորդի ընտանեկան բյուջեում էական տնտեսում է առաջանում եւ գազի սպառումից բնակիչը շահում է։ Բանախոսի համոզմամբ, վճարման պայմանները փոխելը ճիշտ ժամանակին է կատարվել. առջեւում երկարատեւ տաք ամիսներ են։ Իսկ ջեռուցման շրջանում կառավարությունը մտադիր է սոցիալապես անապահովների համար որոշակի քայլեր ձեռնարկել։
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, գների այս փոփոխությունից չի տուժի նաեւ բիզնես միջավայրը։ 1000 խմ գազի համար 153 դոլարը անհամեմատ ցածր է, քան հայաստանյան արտադրողների՝ տարածաշրջանային մրցակիցների համար սահմանվածը։ Հաշվի առնելով, որ Հայաստանը չունի սեփական գազ կամ տրանզիտ գազատար (ԱՊՀ երկրները դրանցից գոնե մեկը ունեն), թվում է, թե մեզ մոտ գործող սակագներն ավելի բարձր պիտի լինեին։ Մինչդեռ Կարեն Կարապետյանը համարում է, որ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են եւ դրա համար վկայակոչում է երկու նախադրյալ. «Առաջին՝ մատակարարի հետ ունենք բացառիկ սակագնի պայմանագիր. երկրորդ՝ ընկերության իրականացրած ճիշտ մենեջմենթի շնորհիվ նվազել են գազի կորուստները, որի արդյունքում հնարավոր է դարձել վերջնական բաժանորդի համար գազը տրանսֆորմացնել ճիշտ տեղում»։ «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը հավաստիացնում է, նույնիսկ խոստանում, որ բնակիչ-բաժանորդի համար միշտ ցանկալի է լինելու գազ սպառելը։ Նույնը եւ բիզնես միջավայրի համար։
Անդրադառնալով ընկերության անցած հինգ տարիների ձեռքբերումներին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ ընթացքում ներմուծվող եւ իրացվող գազի ծավալներն աճել են ավելի քան երկու անգամ։ Փաստացի բաժանորդների թիվն աճել է ավելի քան հինգ անգամ։ Բաշխող ցանցն ընդլայնվել է ավելի քան երկու անգամ։ Պահեստավորվող գազի ծավալը՝ մոտ երկու անգամ։ Տարեկան ներդրումների ծավալը 2 մլրդ դրամից հասել է 48 մլրդ դրամի։ 2008թ. նախատեսվում է 68 մլրդ դրամի ներդրում։ Վնասաբեր ընկերությունից «ՀայՌուսգազարդը» դարձել է շահութաբեր։ Այսօր ընկրերությունը տասնմեկ անգամ ավելի հարկ է մուծում պետբյուջե, քան հինգ տարի առաջ։
Տեղեկացնենք նաեւ, որ առաջիկայում ընկերությունը բնակարաններում տեղադրելու է անվտանգության ազդանշանային սարքեր։ Արդեն մշակվել է ներտնային գազասպառման համակարգերի կանոնավոր տեխնիկական սպասարկման արդյունավետ մեխանիզմ։ Ընկերության հեռանկարային պլանում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերումը եւ 170 մլն դոլարի ներդրմամբ կայանը 440 ՄՎտ հզորության դարձնելը, Իրան-Հայաստան գազատարի ընդլայնումը դեպի հարավ, ընկերության կանոնադրական կապիտալում հայկական կողմից մասնաբաժնի ավելացումը՝ ջերմամատակարարման կաթսայատների, ԻՖԱԴ ծրագրով իրականացված գազաֆիկացման, TACIS INOGATE տեխնիկական աջակցության ծրագրերով ստացված սարքավորումների, ինչպես նաեւ բյուջետային եւ համայնքային այլ ներդրումների մասով։ Կարեն Կարապետյանի գնահատմամբ, գազի ոլորտի հանդեպ կա պետական հոգածություն, ինչը ՀՀ տնտեսության կայուն զարգացման ապահովման երաշխիքներից մեկն է։
*** 2008թ. մայիսի 1-ից կգործեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած գազի սակագները. բնական գազ սպառողներին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում չի տրվի, ինչպես դա արվում էր այն բանից հետո, երբ 2006թ. ապրիլի 1-ից Հայաստան ներմուծվող գազի գինը սահմանի վրա դարձավ 110 դոլար։ ՀՀ կառավարությունը որոշել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագները մեղմելու համար տրամադրել սուբսիդիա։ Ուստի, բնակչության ու արդյունաբերության բեռը թեթեւացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հատկացվել է 188,8 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ որպես բնական գազի համար սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում։ Ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում՝ 1000 խմ համար սահմանված 84 հազար դրամ սակագնից 25 հազար դրամը սուբսիդիա էր, ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար՝ 153,26 դոլարին համարժեք դրամ սակագնից սուբսիդիա տրվում էր 52,01 դոլարին համարժեք դրամ։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ էներգետիկայի նախարարությունից, գազի սպառման ծավալների աննախադեպ աճի արդյունքում 2008թ. հունվարի վերջին 188,8 միլիոն դոլարին համարժեք սուբսիդիան սպառվեց։ Կառավարությունը միջոցներ ձեռնարկեց սուբսիդավորումը մինչեւ ջեռուցման շրջանի վերջը շարունակելու համար՝ բնակչությանն ու արդյունաբերությանը ձմռան ամիսներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելու նպատակով։
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկանքի՝ անապահով ընտանիքների վիճակը չբարդացնելու նկատառումով դեռեւս անցյալ աշնանը 2008թ. բյուջեի ձեւավորման ժամանակ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկել՝ նպատակ ունենալով հնարավորինս մեղմել սուբսիդիայի վերացման բացասական ազդեցությունը աղքատ ընտանիքների համար։ Ավելացվեց ընտանեկան նպաստներին հատկացվող բյուջեի գումարը, որից 1,2 միլիարդ դրամն ուղղվեց հենց այդ խնդրի կարգավորմանը։ Սա հնարավորություն տվեց միջին նպաստի չափը տարվա ընթացքում հասցնել 21 հազար 100 դրամի։ Տեղեկատվության համաձայն՝ 1,2 միլիարդը մոտ 2 անգամ ավելի էր, քան այն կորուստը, որ ունենալու էին գազ օգտագործող նպաստառու ընտանիքները։
«Ազգ» ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻՆ Հայտնեց «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը
Անդրադառնալով մայիսի 1-ից գազի սակագների փոփոխությանը, «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մինչեւ մայիսի 1-ը բնակիչները վճարելու են 59 հազար դրամ: Համեմատության համար նա հայտնեց, որ Վրաստանում այդ սակագինը 356 դոլար է: Արդյունաբերական ձեռնարկությունները վճարում էին 101 դոլար, Վրաստանում՝ խոշորների համար 357 դոլար, փոքր ձեռնարկությունների համար՝ 283 դոլար: Մայիսի 1-ից Հայաստանի բնակիչները կվճարեն 84 հազար դրամ, իսկ արդյունաբերական ձեռնարկությունները՝ 153 դոլար:
Ըստ Կարեն Կարապետյանի, Հայաստանում բնական գազի իրական սակագինը չի փոխվում: Այն սահմանված էր դեռ 2006-ից: Չի դադարեցվում նաեւ սուբսիդավորումը, պարզապես դադարեցվում է համընդհանուր սուբսիդավորումը բոլոր սպառողներին, ինչը նախկինում իրականացվում էր անկախ նրանց սպառման քանակից: Կառավարությունը որոշել է սուբսիդավորումը հասցեագրված ուղղել սոցիալապես անապահով խավին: Այս քայլը, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենի կարծիքով, միանշանակ ճիշտ է, քանի որ տնտեսության մեջ ավելի հավասար եւ արդարացի պայմաններ կստեղծվեն:
Մայիսի 1-ից հետո էլ, ըստ Կարեն Կարապետյանի, այն բնակիչները, ովքեր չունեն գազ, կցանկանան ունենալ, այն բնակիչները, ովքեր ունեն, դրա համար «երջանիկ են լինելու», իսկ ձեռնարկությունները չեն կարող ասել, որ գազի գների փոփոխության պատճառով իրենց մրցունակությունը նվազում է: Վերջին հանգամանքն ավելի մանրամասն պարզաբանելով, «Հայռուսգազարդի» ղեկավարն ասաց, որ 153 դոլար գազի սակագինը դրամով արտահայտված նույնն է, ինչ ամրագրված էր 2003-ին:
Ներկայացնելով 2000–2007 թվականներին «Հայռուսգազարդի» գործունեության արդյունքները, ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ այդ ընթացքում ներմուծվող գազի ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ, բաժանորդների թվաքանակը՝ 5,1 անգամ, կազմելով 503 հազար, գազաբաշխիչ ցանցը ընդլայնվել է 2,1 անգամ, տարեկան ներդրումների ծավալը 2 մլրդ դրամից աճել է մինչեւ 48 մլրդ դրամ, իսկ այս տարի նախատեսվում է դա հասցնել 67,4 մլրդ դրամի: Այս տարի «Հայռուսգազարդի» ղեկավարն ակնկալում է, որ ներմուծվող գազի ծավալները կհասնեն 2,5 մլրդ խմ-ի:
Այս տարվա մայիսին սպասվում է «Գազպրոմ» —ի նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան, որի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն գազի հետագա սակագները եւ կհաստատվի գազի սակագների բանաձեւ առաջիկա 3 տարվա համար: «Խոստանում եմ, որ մեր ունեցած առավելությունները պահպանվելու են նաեւ նոր սակագների հաստատման դեպքում: Բնակիչ-բաժանորդների համար գազասպառումը շարունակելու է մնալ ցանկալի, գործարարների համար մենք չենք ստեղծի այնպիսի պայմաններ, քան նրանց մրցակիցների համար կլինեն», ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
Կարեւորելով գազի օգտագործման անվտանգության ապահովումը, Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում անվտանգության ազդանշանային համակարգերի եւ անջատիչ կափույրների ներդրման ուղղությամբ: Նա հավաստիացրեց, որ դրանց տեղադրումից բնակչությունը չի տուժելու եւ գազի սակագինը չնչին չափով կփոխվի: Եկամտային ակնկալիքներ այստեղ «Հայռուսգազարդը» չունի:
Ընկերության ծրագրերին անդրադառնալով, Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 4 էներգաբլոկներ կմիավորվեն 5-րդ էներգաբլոկի հետ՝ միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով: Այդ համալիրը կկառավարի «Հայռուսգազարդը»: Ինչ մնում է 5-րդ էներգաբլոկին, ապա ընկերության ղեկավարի կարծիքով, այն կարդիականացվի եւ շահագործման կհանձնվի 2010-ին:
Նավթավերամշակման գործարանի կառուցման դեպքում այն եւս կդառնա առանձին կառույց «Հայռուսգազարդի» կազմում: Ներկայումս եռակողմ՝ Ռուսաստան, Իրան, Հայաստան, ինտենսիվ բանակցություններ են ընթանում նավթավերամշակման գործարանի նախագծի շուրջը եւ ըստ Կարեն Կարապետյանի, մոտ ժամանակներս այդ հարցում հստակություն կմտցվի: Նա նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցմամբ պայմանավորեց միջազգային շուկայում գնանշվող պարտատոմսերի՝ IPO-ների թողարկումը: Եթե գործարանը կառուցվի, ապա անհրաժեշտ կլինի միջոցներ ներգրավել, եթե ոչ, չի թողարկվի, քանի որ դա իր հետ մի շարք խնդիրներ կբերի ընկերության կառավարման եւ այլ առումներով:
Կարեն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը 2009-ին կկազմի 1 մլրդ դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ 1,5–2 մլրդ դոլար: Այս եւ մի շարք այլ՝ ակտիվների եւ հիմնական միջոցների, տարեկան շրջանառության եւ բյուջե կատարած վճարումների, աշխատակիցների թվաքանակի ցուցանիշներով «Հայռուսգազարդը» Հայաստանի առաջատարներից է:
«Հայոց աշխարհ» ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1¬ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ Այս մասին երեկվա մամուլի ասուլիսում նշեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նրա կարծիքով, սա ավելի արդարացի մոտեցում է. ամենեւին պարտադիր չէր համատարած բոլորին սուբսիդավորելը։ Մանավանդ որ այդ դեպքում ոչ բոլորն են միարժեք օգտվում դրանից։ Մեկը շատ է գազ սպառում, օգտվում է ավելի մեծ ծավալի սուբսիդավորման գումարից, իսկ մյուսը քիչ է սպառում՝ քիչ է օգտվում։ Դրան զուգահեռ, կա նաեւ հասարակության մի զանգված, որը գազ չունի եւ ընդհանրապես չի օգտվում սուբսիդավորումից.
—Դրանից ելնելով, կառավարությունը որոշել է սուբսիդավորումը հասցեական ձեւով ուղղել անապահովին։ Այդ թվում՝ սոցիալապես այն անապահովին, որը գազ չունի։
Կ.Կարապետյանի կարծիքով, սուբսիդավորման դադարեցումը կատարվել է ճիշտ ժամանակին։ Սա համընկնում է այն ժամանակահատվածին, երբ բնակչությունը սկսում է շատ ավելի քիչ գազ սպառել.
¬Վճարման պայմանների փոփոխությունը կատարվել է ճիշտ ժամանակին։ Ձմռան երեք¬չորս ամիսներին բաժանորդներն սպառում են ամբողջ տարվա ընթացքում օգտագործվող գազի մոտ 40¬45 տոկոսը։ Ես պնդում եմ, որ մինչեւ ձմեռ ոչ մի բնակիչ¬բաժանորդ չի զգա վճարման պայմանների փոփոխության բեռը, քանի դեռ գազը օգտագործում է սուրճ կամ ձվածեղ պատրաստելու համար։
Իրավիճակը այլ կարող է լինել ձմռանը, բայց» ՙես գիտեմ, որ կառավարությունը մտադիր է սոցիալապես անապահով քաղաքացիների համար այդ սեզոնին որոշակի քայլեր կատարել»։
Մայիսի 1¬ից, ըստ Կ.Կարապետյանի, Հայաստանում գազի իրական սակագինն ամենեւին չի փոխվում. «Դա սահմանված էր 2006 թվականին, եւ բոլորը գիտեին այդ մասին։ Այնպես որ, սա անակնկալ չէր»։ Պարզապես փոխվում են վճարման պայմանները։ Դադարում է գործել համատարած սուբսիդավորման մեխանիզմը։ Դրանով հանդերձ, Հայաստանում գազի սակագները տարածաշրջանում շարունակելու են մնալ լավագույնը։ Դրանք ձեռնտու են լինելու ինչպես բնակչության, այնպես էլ բիզնես միջավայրի համար.
¬Որպեսզի այլ երկրներով չզարմացնենք, խոսենք այն երկրների մասին, որոնց տնտեսությունները չափանիշներով շատ մոտ են մեզ։ Վրաստանում բնակչության համար միջինացված սակագինը 356 դոլար է, արդյունաբերության՝ 357,6 դոլար խոշոր եւ 283,1 դոլար մանր սպառողների համար։ Մայիսի 1¬ից հետո Հայաստանի բնակիչ¬բաժանորդը վճարելու է 200 դոլարից մի քիչ ավելին։ 153 դոլար վճարելու է արդյունաբերողը։ Նույնն են գնային տարբերությունները Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների դեպքում։
Այնպես որ, վճարման պայմանների փոփոխությունից, Կ.Կարապետյանի կարծիքով, բիզնես միջավայրը չի տուժելու, որովհետեւ. ¬Տարածաշրջանում որեւիցե այլ մրցակից չունի ավելի լավ պայմաններ, քան Հայաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մեր տրանսպորտային ծախսերն ավելի շատ են։
Եւ դա այն պայմաններում, երբ Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որ չունի սեփական գազ եւ գազի տարանցման ուղիներ.«ԱՊՀ բոլոր երկրները դրանցից կա՜մ երկուսն ունեն, կա՜մ մեկը։ Բայց նույնիսկ այդ պարագայում Հայաստանում գազի սակագներն ավելի մատչելի են, քան տարածաշրջանի մյուս երկրներում եւ ԱՊՀ¬ում»։
Սա պայմանավորված է երկու հանգամանքով.
¬Մենք ունենք էքսկլյուզիվ սակագին մեր մատակարարի հետ։ Երկրորդ՝ Հայաստանում գազի շուկան մեծացնելով, մենեջմենթը եւ կառավարումն արդյունավետ դարձնելով, կարողացել ենք հասնել նրան, որ բաժանորդի վրա ավելի քիչ բեռ ենք թողնում։
Ըստ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի, Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագները պարզ կլինեն առաջիկայում։ Մայիսին Հայաստան կգա «Գազպրոմի» վարչության նախագահը, որի հետ կքննարկվեն գազամատակարարման նոր պայմանները։ Նշենք, որ նախորդ եռամյա պայմանագրի գործողության ժամկետը լրանում է տարեվերջին։ Այդ փաստաթղթով մինչեւ 2009թ. Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խոր. մետրի համար 110 դոլարով։
Նոր պայմանագրով, ըստ Կ.Կարապետյանի, ունենալու ենք սակագնի երեք տարվա բանաձեւ։ Այդ մասին տեղեկացվելու է հանրությանը, որպեսզի նա պատրաստ լինի դրան։ Թե ինչպիսին կլինեն նոր սակագները, Կ.Կարապետյանը գերադասում է այս պահին չխոսել։ Ամեն դեպքում վստահեցնում է, որ անկախ դրանից գազի սպառումը շարունակելու է ձեռնտու լինել բոլորին.
¬Բայց խոստանում եմ, որ բնակիչ¬բաժանորդի համար ցանկալի է լինելու գազ սպառել։ Բիզնես ոլորտի համար չենք ստեղծելու այնպիսի պայմաններ, որ մեր բիզնեսմենը գտնվի ավելի վատ վիճակում, քան իր մրցակիցը։
Աղբյուր: Հայաստանյան մամուլի տեսություն