Երևանի գազիֆիկացումը հիմնականում ավարտվել է
Վերջին վեց տարիներին իրականացված միջոցառումների շնորհիվ Երեւանի բնակչության գազամատակարարման եւ գազիֆիկացման աշխատանքներն արդեն հիմնականում ավարտվել են։ Ներկայումս մայրաքաղաքի ավելի քան 236 հազար տնտեսություն հնարավորություն ունի օգտվելու բնական գազից։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Երեւանգազ» ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Ըստ նրա, մայրաքաղաքում ակտիվ գազիֆիկացման միջոցառումները սկսվեցին 2002 թվականին։ Հետագա տարիներին աշխատանքների ծավալը աստիճանաբար ընդլայնվեց։ Այսօր Երեւանը գազիֆիկացման մակարդակով նույնիսկ գերազանցում է խորհրդային ժամանակահատվածի ցուցանիշը.
¬201395 բաժանորդ եղել է խորհրդային ժամանակաշրջանում, իսկ այսօր ունենք 201673 բաժանորդ։
Վերջին վեց տարվա ընթացքում գազամատակարարման վերականգնման եւ չգազիֆիկացված մոտ 19 թաղամասերի գազիֆիկացման համար «ՀայՌուսգազարդը» կատարել է ավելի քան 7,5 մլրդ դրամի ներդրում։
Դրանով հանդերձ, մայրաքաղաքում կան, այսպես ասած, լոկալ տեղամասեր, որոնք դեռեւս գազ չեն ստանում։ Այդ աշխատանքների կատարման նպատակով ընթացիկ տարում նախատեսված է հատկացնել 135 մլն դրամ։ Նման խնդիր կա հատկապես 16 հարկանի շենքերի հետ կապված։ Ինչպես հայտնի է, դրանք ժամանակին նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար։ Այժմ «ՀայՌուսգազարդը» փորձում է իրականացնել որոշակի միջոցառումներ, որպեսզի հնարավորություն ստեղծվի գազ մատակարարել նաեւ այդ շենքերի բնակիչներին.
¬Կազմվել է աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի ոչ միայն «ՀայՌուսգազարդի», այլեւ նախագծային կազմակերպությունների հետ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում կլուծենք նաեւ այդ խնդիրը, ինչպես եղավ բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում։
Համակարգում անվտանգության բարձրացման նպատակով, նախատեսվում է այս տարվանից սկսել վթարային սարքերի տեղադրումը։ Որպես այդպիսին, ըստ Վ.Հարությունյանի, դա նորություն է գազամատակարարման ցանցում։ Նման համակարգ գոյություն չունի ԱՊՀ որեւէ երկրում.
¬Ընդունվել է որոշում` բոլոր գազիֆիկացված բնակարաններում տեղադրել ազդանշանային սարքեր, ինչպես նաեւ գազի անջատիչ փականներ։ Ծրագիրն արդեն ուժի մեջ է, մշակվել է գործողությունների պլան։ Մինչեւ տարեվերջ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կկատարվեն։ Մեկ¬երկու տարվա ընթացքում խնդիրն ամբողջությամբ կլուծվի, որը հնարավորություն կտա գազամատակարարման անվտանգությունը բարձրացնել նոր մակարդակի։
Վթարային սարքավորումների տեղադրման ամբողջ աշխատանքների հանձնառությունը վերցրել է «ՀայՌուսգազարդը». բնակչությունը ֆինանսական որեւէ մասնակցություն չի ունենա։
Չնայած իրականացված մեծ ծավալի աշխատանքներին, գազամատակարարման ոլորտում կատարվող ներդրումները առաջիկայում կշարունակվեն։ Մինչեւ 2012թ. նախատեսվում է գազաբաշխման համակարգում գործող վթարային գազատարների վերատեղադրման եւ հիմնանորոգման համար ներդնել 5,8 մլրդ դրամ։
Միայն գազամատակարարման ռեժիմների կարգավորման եւ բարելավման նպատակով այս տարի կիրականացվի 961 մլն դրամի աշխատանք, որը հնարավորություն կտա վերացնել գազամատակարարման ռեժիմների տատանումները, որ առկա էին հատկապես այս տարվա ձմռանը։ Վ.Հարությունյանը կարծում է, որ այս ներդրումների շնորհիվ «հաջորդ ձմռանը նման խնդիրներ չեն առաջանա»։
Այս պահին հաղթահարվել են նաեւ գազիֆիկացման աշխատանքների հետ կապված ձգձգումները, որոնք առաջացել էին ձմռան ամիսներին։ Դա, ըստ Վ.Հարությունյանի, պայմանավորված էր պահանջարկի մեծացմամբ, ինչը հնարավոր չէր լինում բավարարել եղած մասնագետներով. «Ձմռան ամիսներին իսկապես եղել են որոշակի դժգոհություններ, քանի որ դիմողների քանակը շատ մեծ էր, իսկ „Երեւանգազը“ չուներ այդքան աշխատուժ, որպեսզի բոլոր դիմումներն արագ բավարարեր։ Կար մասնագետների՝ զոդողների, փականագործների պակաս։ Խնդիրը սա է եղել։ Այսօր նման խնդիր չկա. յուրաքանչյուր դիմողի բնակարանի գազիֆիկացումը նույնիսկ ավելի արագ է կատարվում, քան սահմանված է ընթացակարգով»։
Ամեն դեպքում գազիֆիկացման աշխատանքների ձգձգումներն առիթ են տվել որոշ մարդկանց դիմել խորամանկության եւ քաղաքացիներից դրամ շորթել.
¬Երեւանում որոշակի անձինք, օգտագործելով «ՀայՌուսգազարդի» անունը, լինելով «Երեւանգազի» աշխատակից, փորձել են բնակչությունից գումարներ շորթել եւ շորթում էին։ Օրերս այդ խումբը ձերբակալվել է։ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի հրամանով բացահայտմանը ակտիվ մասնակցություն ունեցած ոստիկանը խրախուսվել է 500 հազար դրամով։
Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ