Կարեն Կարապետյան. «Վստահ եմ, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված է»

— Պրն. Կարապետյան, «ՀայՌուսգազարդը» Հայաստանի ամենախոշոր ընկերություններից եւ մշտապես երկրի խոշոր հարկատուների առաջին եռյակում տեղ զբաղեցնող հարկատուներից դարձավ Ձեր կառավարման ժամանակ։ Ինչպե՞ս դա հաջողվեց եւ կարո՞ղ եք ասել, որ այսօր իր կառավարման մակարդակով «ՀայՌուսգազարդը» լավագույնն է Հայաստանում։


— Վերջին մի քանի տարիների ցուցանիշները վկայում են, որ Ընկերությունն այսօր իր հաստատուն տեղն ու դերն ունի Հայաստանի տնտեսության մեջ, արդյունքներն էլ հետևյալն են` ներմուծվող և իրացվող բնական գազի ծավալը աճել է ավելի քան 2 անգամ, գազաբաշխիչ ցանցը ընդլայնվել է 2,1 անգամ, փաստացի բաժանորդների թվաքանակը ավելացել է 5,1 անգամ, բյուջե կատարած վճարումների ծավալի աճը` շուրջ 11 անգամ, կենսաթոշակային հիմնադրամի վճարումների աճը` 7,5 անգամ: «ՀայՌուսգազարդ»-ն այսօր առաջատար է կանոնադրական կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների մեծությամբ:

Սա այն պարագայում, որ դեռևս մի քանի տարի առաջ Ընկերությունը վնասով էր աշխատում:

«ՀայՌուսգազարդ»-ն այսօր ֆինանսական շուկայում ունի բարձր վստահություն և ծանրակշիռ հեղինակություն: Դա մեզ պարտավորեցնում է բավականաչափ հավակնոտ, ագրեսիվ բիզնես-ծրագրեր իրականացնել:

Ինչ վերաբերում է Ընկերության կառավարման մակարդակի բարձրացմանը, ապա մենք դրանում խիստ շահագրգիռ ենք: Մեր կողմից մշակվել և ներդրվել են մասնաճյուղերի լիազոր կառավարման մեխանիզմներ, ռեգուլյար հիմքերի վրա է դրված աշխատակիցների պարբերական մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հարցը տարբեր ուսումնական հաստատություններում: Իսկ արդյունավետության գաղտնիքը մեկն է` համախոհների թիմ, կամք և նպատակաուղղվածություն:

— Որո՞նք են Հայաստանում ընկերության իրականացրած ծրագրերից՝ 1. ամենահաջողվածը, 2. ռազմավարական ամենակարեւոր նշանակություն ունեցողը, 3. ամենամեծ ներդրումներով իրականացվածը։ Նախ նշեմ, որ անցած 10 տարիների ընթացքում Ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 50.0 մլրդ դրամ / մոտ 110.0 մլն դոլար/, ինչն անկասկած, Ընկերությանը դասում է ՀՀ ամենախոշոր ներդրողների շարքում:

Ես հաջողված եմ համարում հանրապետության գազաֆիկացման ծրագիրը: Գազաֆիկացման ներկա մակարդակով` 89,6 տոկոս, Հայաստանն այսօր առաջատար է դիրքերում է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև աշխարհում:

Ռազմավարական նշանակության առումով ես կարևորում եմ ինչպես Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի արդիականացման ծրագիրը, այնպես էլ գազատրանսպորտային համակարգի ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա իրանական բնական գազը հասցնել հանրապետության կենտրոնական շրջաններ: Երկրի էներգետիկ անվտանգության տեսակետից այս երկու ծրագրերը իրենց նշանակությամբ միմյանց չեն զիջում: Դրանց իրականացումը մոտ ապագայում թե «ՀայՌուսգազարդ»-ի և թե Հայաստանի համար նոր իրավիճակ կարող է ստեղծել էներգակիրների անդրկովկասյան և մերձավոր արևելյան շուկաներում:

Ես կառանձնացնեի նաև «Հրազդանի ՋԷԿե-ի 5-րդ էներգաբլոկի գործարկման ծրագիրը, որն աննախադեպ է տեխնոլոգիական առումով, Հայաստանի և Իրանի սահմանում նախատեսվող Նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագիրը, որն էապես կարող է փոխել տարածաշրջանում մեր երկրի տրամաչափն ու ներդրումային դաշտի պատկերը:

— Ձեր մամուլի ասուլիսիներում նշել եք, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է դառնալ տարածաշրջանի՝ էներգառեսուրսներ արտահանող երկիր։ Ի՞նչ քայլերից հետո կարող ենք խոսել այդ մասին։

— Ընդհանրապես, երբ խոսվում է մեր երկրի աշխարհաքաղաքական տեղի մասին, հիմնականում հնչում են բացասական գնահատականներ` խողովակի վերջնամասն է, տարանցիկ չէ և այլն: Սկզբունքային եմ համարում ընդհանրապես փոխել մտածելակերպն ու ընկալումը, և օգտվել իրավիճակից ի օգուտ մեզ: Հայաստանն ունի էներգետիկ հզորությունների ավելցուկ, երբ մեր հարևանների մոտ գոյություն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, ունենք նաև այլընտրանքային գազամուղ,ստորգետնյա գազի պահեստարան, որոնք լուրջ հնարավորություններ են ստեղծում, և այս ամենից երկիրը, պետությունը, բիզնեսը պետք է օգտվեն:

Անհրաժեշտ է մշակել ագրեսիվ պետական ծրագիր, հայեցակարգ, որը կնպաստի տարածաշրջանի էներգետիկ շուկայում մեր ուրույն տեղը զբաղեցնելուն:

Սկսած 2001թ.-ից „ՀայՌուսգազարդ“ —ը էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան: Ներկայումս բանակցություններ են տարվում Իրանի տարածքով Իրաք եւ հարակից այլ երկրներ Էլեկտրաէներգիայի արտահանման հարցի շուրջ:

Արտահանմանը զուգահեռ, Ընկերությունը միանգամայն լուրջ ծրագրեր ունի նաև մասնակցել էլեկտրաէներգիայի արտադրությանը, որի իրականացումը մոտ հեռանկարում հնարավոր կդառնա „Հրազդանի ՋԷԿ“-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման միջոցով: Արդեն սկսել ենք նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որով նախատեսվում է ավարտին հասցնել շինարարությունը, և ժամանակակից գազատուրբիններ տեղադրելով՝ առկա հզորությունը հասցնել 440 ՄՎտ-ի:

Ունենալով արդյունավետ մասնաբաժին Էներգետիկ ոլորտում, բնական եմ համարում մեր ցանկությունն ու մտադրությունը էլեկտրաէներգետիկայի շուկայի ակտիվ մասնակիցներից մեկը դառնալու, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի շուկաներում:

— Իրան-Հայաստան գազատարն արդեն իրականություն է։ Այժմ խոսվում է գազատարի երկրորդ ճյուղի կառուցման մասին։ Ինչի՞ համար է այն նախատեսված։ Նախապատրաստվում ենք գազի տեղափոխման տարանցիկ երկիր դառնա՞լ։ — Իրանական գազը հանրապետության կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով 2006թ. կեսերին սկսեցինք հարավային ուղղությամբ գործող գազափոխադրման համակարգի ընդլայնման ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է մոտ 200 կմ երկարությամբ մայրուղային գազատարի շինարարություն Քաջարան-Արարատ հատվածում: Աշխատանքները կատարվում են աննախադեպ արագ տեմպերով: Բնակլիմայական բարդ պայմաններում, անգամ ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա մոնտաժվում են 700 մմ տրամագծով խողովակներ: Վերջին 15 տարում նման շինարարական ծավալ հանրապետության գազատրանսպորտային համակարգում չի եղել: Շինարարությունը իրականացվում է բացառապես Ընկերության սեփական ուժերով և կավարտվի 2008թ.-ին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանը գազի տեղափոխման տարանցիկ երկիր կարող է դառնալ թե ոչ, ապա ես բազմիցս նշել եմ, որ միայն համակարգի առկայությունը բավարար պայման չէ, պետք է ձևավորվի նաև վաճառող-գնորդ մոդելը աշխարհաքաղաքական առումով: Ժամանակը ցույց կա:

— Ձեր գնահատմամբ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ունի ապահովվածության այն աստիճանը, որ կարող է դիմանալ ֆորս-մաժորային իրավիճակների՞ն։

— Այդ փորձությանը մի քանի անգամ արդեն դիմակայել ենք: Հիշեցնեմ արտակարգ պատահարներն ու վթարները Հյուսիսային Կովկասով անցնող մայրուղային գազատարների վրա: Օրեր շարունակ հանրապետություն գազ չէր մտնում, բայց մեր սպառողը այդ պակասը երբեք չի զգացել: Պահեստավորված գազի հաշվին համակարգը կարողանում է ապահովել իր բնականոն և անխափան աշխատանքը:

Այս ձմռանը գազի մատակարարման եւ սպառման համակարգում բազմաթիվ խնդիրներ առաջացան, անգամ Ռուսաստանի հարավում հայտարարվեց գազի լիմիտավորված սպառում և անցում ռեզերվային էներգավառելիքի: Վրաստանում եւս որոշակի սահմանափակումներ եղան: Հայաստանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ սահմանափակումներ չեղան:

Ի դեպ նշեմ, որ կատարված ներդրումների շնորհիվ մոտ 2 անգամ ավելացել է պահեստավորվող գազի ծավալը, ինչը համակարգում կտրուկ բարձրացնում է գազամատակարարման հուսալիությունը: Բայց դա մեզ չի գոհացնում: Ստորգետնյա գազապահեստ-կայանի արդիականացումն ու զարգացումը մնում է ակտուալ խնդիր: Մեր կողմից ներդրումային ծրագիր է մշակված պահեստավորվող գազի ծավալները շարունակաբար մեծացնելու և կոմպրեսորային նոր կայաններ տեղադրելու ուղղությամբ:

Գազասպառման ծավալների մեծացումը ինժեներական նոր լուծումներ է պահանջում: Այսօր անհրաժեշտություն է առաջացել Հայաստան մուտք գործող մայրուղային գազատարի վրա տեղադրել ճնշակայան, որը կապահովի գազամատակարարման համապատասխան ծավալ, կբարձրացնի ծառայության որակն ու անվտանգությունը:

Դրա հետ մեկտեղ ունենալով Իրան-Հայաստան այլընտրանքային գազամուղ` ես վստահ եմ, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված է:

— Ի՞նչ կլինի 2009-ի հունվարի 1-ից հետո, երբ ավարտվի ներկրվող գազի սակագնի ֆիքսված եռամյա ժամկետը։ Հնարավո՞ր է դրա երկարաձգումը կամ ինչ-ինչ այլ պայմանավորվածությունների ձեռք բերումը, թե՞ Հայաստանի բնակիչներն ու արդյունաբերությունը պետք է վճարեն գազի դիմաց այնպես, ինչպես ռուսական գազ ստացող մյուս երկրները։

—Ներկրվող գազի գնի վերաբերյալ,նախ նշեմ, որ Հայաստանում, տարածաշրջանի երկրների հետ համեմատած, գործում է ոչ բարձր կամ „մենաշնորհային ցածր“ գին, որն այս երեք տարվա ընթացքում կարող էր բարենպաստ պայմաններ ստեղծել հանրապետության սոցիալ-տնտեսական դաշտում ու սահուն անցում նախապատրաստել հետագա հնարավոր փոփոխություններին: Կարողացա՞նք մենք դրանից օգտվել կամ պայմաններ ապահովել, հարցի մյուս կողմն է: Իսկ ինչ վերաբերում է մատակարարվող գազի սակագնին, 2009թ. հուվարի 1-ից մենք պետք է պատրատ լինենք նոր իրադրության: Բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև այդ պայմաններով տարածաշրջանում մրցունակ գին ապահովել թե գործարար միջավայրի, թե բնակչության համար:

—„ՀայՌուսգազարդը“ դարձավ Հայաստանում պարտատոմսեր թողարկած առաջին ընկերություններից մեկը։ Ընկերությունը մտադի՞ր է նոր թողարկում իրականացնել։ Ե՞րբ դա տեղի կունենա։ Դառնալո՞ւ եք ԲԲԸ։ Սահմանափակվելո՞ւ եք միայն Հայաստանում էժան միջոցներ ներգրավելով։ Նպատակ չունե՞ք հասնել նրան, որ ընկերության բաժնետոմսերը գնանշվեն միջազգային բորսաներում։ Գուցե դա՞ է այն հայկական ապրանքանիշը, որ ցանկանում էիք հանրաճանաչ դարձնել միջազգային շուկայում։

—„ՀայՌուսգազարդ“-ը առաջիններից էր հանրապետությունում, որ կազմակերպեց պարտատոմսերի թողարկում 1 մլրդ. դրամ ծավալով: Արժեթղթերի միջոցով դրամական միջոցներ ներգրավելով` փորձում ենք իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող կոնկրետ նախագծեր, նաև նպաստել ֆինանսական շուկայի այդ հատվածի զարգացմանը: Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում իրականացնել պարտատոմսերի նոր թողարկում, որի ծավալը (շուրջ 5 մլրդ. դրամ) մի քանի անգամ կգերազանցի առաջին թողարկման ծավալը: Ի դեպ, փորձում ենք, որ թողարկման ծավալի մի մասը տեղաբաշխվի ոչ հայաստանյան շուկայում:

Ընկերությունը մտադիր է նաև բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել և դուրս գալ միջազգային ֆինանսական շուկա: Սակայն կդառնանք բաց բաժնետիրական ընկերություն թե ոչ, կախված է նրանից, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու և ինչ ծավալի ֆինանսական ռեսուրսներ կպահանջվեն դրանց համար: Այդուամենայնիվ, մենք նախապատրաստական աշխատանքներն արդեն ձեռնարկել ենք: Մասնավորապես, Ընկերության կառավարման ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ուղղված են կառավարման որակի և թափանցելիության աստիճանի բարձրացմանը, ներդրվում են կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքներ, Ընկերության աուդիտն իրականացնում է միջազգային լայն ճանաչում ունեցող աուդիտորական „Էրնստ ընդ Յանգը“, խորհրդատվական ծառայություններ է մատուցում „Դելոյթ ընդ Տուշ“ ընկերությունը և այլն:

— Ինչպիսի՞ն եք տեսնում „ՀայՌուսգազարդը“ 5 տարի հետո։

— Տարածաշրջանի ամենախոշոր և հաջողված կառույցներից մեկը, որն իր լուրջ ազդեցությունը կունենա տարածաշրջանի էներգետիկ շուկայում:

— Կարեն Կարապետյան ասելով, հասկանում ենք „ՀայՌուսգազարդ“։ Հավանական համարո՞ւմ եք այլ ընկերությունում աշխատելը կամ պետական պաշտոն զբաղեցնելը, թե ճակատագրով կապված եք „ՀայՌուսգազարդի“ հետ։

—Պետական պաշտոն զբաղեցնելը ինձ չի հրապուրում: Ես ինձ ավելի շատ տեսնում եմ բիզնեսի բնագավառում:

Աղբյուր: «Արարատ» ամսագիր, մարտ-ապրիլ 2008թ.