Գազի գնից մեր դժգոհություններն այնքան էլ արդարացի չեն

Ինչպիսին են ներկայումս ռուսական գազի գները Հայաստանում եւ ԱՊՀ ու Եվրոմիության երկրներում Հայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր: Հայտնի է, որ ներկայիս սակագները նույնպես երկար չեն գործելու, քանի որ արդեն եկող տարվանից Ռուսաստանից գազ ստանալու ենք այլ՝ ավելի բարձր գներով: Եթե այժմ Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000 խմ-ն 110 դոլարով, ապա, ըստ հրապարակված որոշ տեղեկությունների, եկող տարվանից այդ գինը կդառնա 165 դոլար: Համենայն դեպս, այս ամիս նախատեսված է «Գազպրոմ» ընկերության նախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ վերջնական պարզեցում պետք է մտցվի գազի սակագների հարցում: Այցը սպասվում էր մայիսի սկզբին, բայց դեռ տեղի չի ունեցել: Սա, իմիջիայլոց:


Եթե Հայաստանի համար գազի սակագինը դառնա 165 դոլար, առավել եւս, եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկա երեք տարիներին այդ գնի պահպանման շուրջը, ինչի մասին նույնպես նշել են «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ապա դա կլինի ամենացածր գինը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում այլ երկրներին, ինչը լավ մրցակցային առավելություններ կստեղծի Հայաստանի տնտեսվարողների համար: Ինչ վերաբերում է մեզ՝ բնակիչ սպառողներիս, ապա մեր սպառած գազը նույնպես ամենաէժանը կլինի ԱՊՀ այն երկրների համեմատ, որոնք գազ են ստանում Ռուսաստանից, չխոսելով արդեն եվրոպական երկրների մասին:

Համաձայն «Գազպրոմ» ընկերության տվյալների, ներկայումս նրա կողմից ԱՊՀ երկրներին մատակարարվող գազի 1000 խմ-ի համար գները հետեւյալն են՝ Մոլդովա՝ 211 դոլար, Ուկրաինա՝ 230 դոլար, Բելառուս՝ 128 դոլար, Վրաստան՝ 230 դոլար: Բացի այդ, Լատվիային գազի 1000 խմ-ը վաճառվում է 340–380 դոլար, Լիտվային՝ 354 դոլար, Հունգարիային՝ 300 դոլար, Լեհաստանին՝ 310–320 դոլար, Բուլղարիային՝ 258 դոլար, Ռումինիային՝ 370 դոլար, Սլովակիային՝ 330 դոլար, Ավստրիային՝ 351 դոլար: Եվրոմիության երկրներին մատակարարվող ռուսական գազի միջին գինը, ըստ «Գազպրոմի», կազմում է 300–350 դոլար: Ընդ որում, վերոնշյալ բոլոր երկրներում տարեկան սպառումը ավելի կամ նվազ չափով գերազանցում է Հայաստանում սպառվող գազի ծավալը: Մի կողմ դնենք Եվրոմիության եւ եվրոպական մյուս երկրները, համեմատենք Հայաստանին մատակարարվող գազի ներկայիս եւ սպասվող գինը ԱՊՀ երկրների այժմ գործող գնի հետ: Ակնհայտ է հօգուտ Հայաստանի տարբերությունը: Անգամ եկող տարվանից սպասվող գազի գնի բարձրացման դեպքում այն շարունակելու է Հայաստանում մնալ որպես ամենաէժան վառելիքը թե՜ բնակչության, թե՜ արդյունաբերության համար: Այլ հարց է, որ Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գնի բարձրացման դեպքում, բացի սպառողների համար դրա գնի բարձրացումից, այս անգամ արդեն օբյեկտիվորեն կթանկանա նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործած գազի գինը եւ ապա տրանսպորտի փոխադրման վարձը: Հավանական են, շղթայական գնաճի այլ դրսեւորումներ եւս:

Եվս մի քանի հետաքրքրական ցուցանիշներ, թե 2007-ին ինչպիսի՞ն են եղել Եվրոմիության անդամ երկրներում սպառողների համար սահմանված միջին գները: Ամենաբարձր գինը գազի համար վճարում են դանիացիները՝ 1000 խմ համար 1115 եվրո, ամենացածրը՝ Էստոնիայում՝ 219 եվրո: Մյուս երկրներում պատկերը հետեւյալն է՝ Բելգիա՝ 504 եվրո, Բուլղարիա՝ 276 եվրո, Մեծ Բրիտանիա՝ 413 եվրո, Հունգարիա՝ 270 եվրո, Գերմանիա՝ 700 եվրո, Իռլանդիա՝ 869 եվրո, Իսպանիա՝ 503 եվրո, Իտալիա՝ 618 եվրո, Լատվիա՝ 253 եվրո, Լիտվա՝ 259 եվրո, Լյուքսեմբուրգ՝ 493 եվրո, Նիդեռլանդներ՝ 649 եվրո, Լեհաստան՝ 377 եվրո, Պորտուգալիա՝ 534 եվրո, Ռումինիա՝ 299 եվրո, Սլովակիա՝ 458 եվրո, Սլովենիա՝ 524 եվրո, Ֆրանսիա՝ 515 եվրո, Խորվաթիա՝ 271 եվրո, Չեխիա՝ 336 եվրո, Շվեդիա՝ 904 եվրո, եւ Ֆինլանդիայի վերաբերյալ տվյալները բացակայում են: Միջին ցուցանիշը Եվրոմիության երկրների սպառողների համար 498 եվրո է:

Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալի մասին: Բնականաբար, Եվրոմիության անդամ երկրներում ապրողների գերակշիռ մեծամասնության համար գազի բարձր գին վճարելը դժվար չէ: Անհամեմատելի են նրանց եւ ԱՊՀ երկրների բնակիչների եկամուտներն ու կենսամակարդակը: Սակայն հաստատ կարելի է ասել, որ Մոլդովայում, Ուկրաինայում կամ Վրաստանում բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը շատ չի տարբերվում Հայաստանից: Հետեւաբար, գազի գների բարձրացումից, ի տարբերություն վրացիների կամ ուկրաինացիների, մեր դժգոհությունները այնքան էլ արդարացի չեն: Խնդիրը միայն սոցիալապես առավել խոցելի խմբերին բարձրացման դեպքում փոխհատուցում տալն է, որի վերաբերյալ կառավարությունը խոստումներ է տվել:

Հեղինակ: Արա Մարտիրոսյան

Աղբյուր: «Ազգ» թերթ