«Հայռուսգազարդը» առաջին տեղում է

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների եւ ֆինանսական տարվա սկզբից 3 մլն դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար կատարած 300 խոշոր ապահովադիրների ցանկերը:


Առաջին տեղում նշված Է ՙՂ¬Տելեկոմ՚ ընկերությունը, երկրորդում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, երրորդում՝ «Արմենիա Տելեֆոն կոմպանին»: Եթե հաշվի առնվեն նաեւ «ՀայՌուսգազարդի» դուստր ձեռնարկությունների՝ «Տրանսգազի», «Ավտոգազի» եւ այլնի վճարած գումարները, ապա փաստացի ամենաշատ հարկեր վճարած կազմակերպությունը հենց «ՀայՌուսգազարդն» է: Արդյոք այս պարագայում «ՀայՌուսգազարդը» կարո՞ղ է համարվել առաջին խոշոր հարկատուն:

Պարզաբանելով այս հարցը` ՀՊԾ մամուլի բաժնում նշեցին, որ Հարկային պետական ծառայությունը նշված ցանկերը տպագրում է կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Ըստ դրա, ընկերությունները դիտարկվում են ըստ կազմակերպությունների, որպես առանձին հարկ վճարողներ եւ ցանկում տեղակայվում են առանձին հորիզոնականներով:

Մասնավորապես, 2008-ի առաջին եռամսյակային տվյալներով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն երկրորդ տեղում է՝ պետբյուջե վճարած 6,746,864.7 հազար դրամ հարկերով: Հրապարակված ցանկում տեղ են գտել նաեւ այդ ընկերության դուստր ձեռնարկությունները: Ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ 692,756.2 հազար դրամ, 133-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 112,932.1 հազար դրամ, 498-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 28,073.6 հազար դրամ, 726-րդ տեղում «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն՝ 16,030.5 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Այսպիսով, «ՀայՌուսգազարդը» ցանկում տեղ գտած դուստր ընկերությունների հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ վճարել է 7, 596,657.1 հազար դրամ, ինչը գերազանցում է առաջին տեղը զբաղեցրած «Ղ-Տելեկոմի» վճարած 6,813,049.5 հազար դրամը:

300 խոշոր ապահովադիրների ցանկում եւս «ՀայՌուսգազարդը» առանձին զբաղեցնում է երկրորդ տեղը՝ վճարած 400,000.0 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի ընդհանուր գումարով: Սակայն, այս դեպքում եւս, եթե հաշվի առնենք նշված ցանկի 36-րդ տեղում գտնվող «Տրանսգազի» վճարած 48,070.0 հազար դրամը եւ 106-րդ տեղում գտնվող «Տրանսգազշին» ՍՊԸ-ի վճարած 17,230.0 հազար դրամը, ապա «ՀայՌուսգազարդ» համակարգը փաստացի վճարել է 465, 300.0 հազար դրամ սոցիալական ապահովագրության պարտադիր վճար, այս ցուցանիշով եւս առաջ անցնելով առաջին տեղը զբաղեցնող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (442,463.1 հազար դրամ) ընկերությունից:

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ