Իրան-Հայաստան գազատարի շինարարությունն աշխուժացել է
Անցյալ տարի ավարտվել էր Իրան-Հայաստան գազատարի՝ Մեղրի-Քաջարան 40 կմ-անոց հատվածը։ Այս տարվա սկզբից աշխատանքներն սկսվել են Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ հատվածում, որի երկարությունը 187 կմ է։ Շինարարությունն իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, սեփական միջոցների ներդրմամբ։ Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազափոխադրման համակարգը վերակառուցելու եւ ընդլայնելու նպատակով ծրագրել է 2007–2009թթ. ընթացքում իրականացնել 52 մլրդ դրամ ընդհանուր ներդրումներ։ Բացի Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի կառուցումից, ընկերությունն այդ ներդրումային ծրագրով իրականացնելու է նաեւ 102 կմ երկարությամբ գծային հատվածների վերակառուցում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հանրապետության գազափոխադրման համակարգի թողունակությունը եւ ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչեւ ջերմային էլեկտրակայաններ։ Հայտնի է, որ իրանական գազով արտադրվելու է էլեկտրաէներգիա։
Այս օրերին գազատարի շինարարությունում սկսվել է ակտիվ աշխատանքային շրջանը, որից էլ կախված է կառույցի ժամանակին ավարտելը։ Քաջարանից Արարատ ընկած շինարարական շղթան բաժանված է վեց աշխատանքային տեղամասերի, որոնցում, ինչպես տեղեկացրեց ընկերության գազատարների շինարարության տնօրինության պետ, շինարարության ղեկավար Վլադիմիր Մարգարյանը, ընդգրկված են 600 շինարար եւ մոտ 100 միավոր մասնագիտական մեքենամեխանիզմներ։
Երեկ մենք եղանք գազատարի՝ Վայոց ձորի տարածքով անցնող (Գետափ գյուղի մերձակայքում) հատվածներից մեկում։ Մեծ ծավալի հողային աշխատանքներ են կատարված, պատրաստված են հարթակները (ճանապարհները), բացված են խրամուղիները։ Արդեն սկսվել է խողովակաշարի մոնտաժումը։ Ասենք, որ այս տեղանքը շատ բարդերից չէ։ Առավել դժվարը Քաջարան-Սիսիան հատվածն է։ Այն անցնում է բնակլիմայական եւ ռելիեֆային բարդագույն տեղանքներով, եւ շատ հաճախ գործն առանց պայթեցումների անհնար է կատարել։ Եթե հաշվի առնենք, որ առանձին տեղերում մարդիկ ստիպված են աշխատել ծովի մակերեւույթից 3000 մ բարձրության վրա, ապա կարելի է պատկերացնել՝ ինչ դժվարություններ են հաղթահարվել (հատկապես ձմեռային ամիսներին) եւ հաղթահարվում այսօր։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր ինժեներ, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանը, շինարարական աշխատանքները սահմանված ժամանակացույցի շրջանակներում են. «Չի եղել մի ամիս, չի եղել մի օր, որ շինհրապարակներում մասնագետները չաշխատեն։ Այսօր արդեն կառուցվելիք գազատարից 180 կմ-ի վրա բացված են հարթակներ, 120 կմ խրամուղի է բացված եւ ավելի քան 106 կմ մոնտաժված է»։ Բայց Աշոտ Հովսեփյանը հիմնական շինարարությունից բացի, մի խնդիր էլ է տեսնում, որը զգալի աշխատանքային ծավալ է ներկայացնում, այն է՝ Իրան-Հայաստան գազամուղը որոշ հատվածներում պետք է միանա գործող գազատարներին (Անգեղակոթի, Ջերմուկի շրջանում, ինչպես նաեւ Արարատում), մինչդեռ՝ «Հարկ է որոշակի „վերակենդանացման“ աշխատանքներ կատարել գործող գազատարի վրա։
„Գազպրոմ“ ընկերությունը կատարել է „ախտորոշման“ աշխատանքները, կազմվել է աշխատանքների ծրագիրը, եւ շուտով կսկսվեն վերականգնման աշխատանքները։ Մի խոսքով՝ նորի կառուցման եւ հնի վերականգնման աշխատանքները կատարվելու են զուգահեռաբար։ Այդուհանդերձ, բոլոր աշխատանքները ակնկալում ենք ավարտել նոյեմբերին։ Իսկ գազամուղը պատրաստ կլինի իրանական գազն ընդունել այս տարվա վերջին-եկող տարվա սկզբին»,-ասում է Աշոտ Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Իրանից ստացվելիք գազի պայմանագրային քանակությունը 1–1,1 մլրդ խմ է։
Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ՝ գազատարի ամբողջ երկայնքով (դրան զուգահեռ) պետք է գցվի օպտիկամալուխային կապի գիծ, որը հնարավորություն կտա հուսալի կապով ապահովել գազափոխադրման բոլոր կառույցները։ Ասել է թե՝ «գազատարը լինելու է արդի բոլոր պահանջներին բավարարող կառույց»։ Ավելացնենք, որ գազատարն ամբողջությամբ թաղվելու է հողի տակ եւ բաց է լինելու միան գետանցերի հատվածներում։
Գազատարի շինարարության ղեկավարը գոհացնող գնահատեց հունվարից մայիս կատարված աշխատանքը։ Չնայած ձմռանը շատ ցուրտ է եղել, շինարարները կարողացել են կատարել նախատեսված ծավալը, կառուցել են 40 կմ երկարությամբ մի հատված։ «Եղանակները թույլ են տալիս այսօր առավել արդյունավետ աշխատել,-ասում է Վլադիմիր Մարգարյանը,-սեպտեմբեր-հոկտեմբերին կավարտենք հիմնական մոնտաժային աշխատանքները։ Մեկ ամսից կսկսենք տեղադրել փականային հանգույցները, գործընթացը կավարտենք նոյեմբերին»։ Անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարի դերին՝ եւս մեկ անգամ նշենք, որ այն բարձրացնելու է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը, հնարավորություն է տալու ընդլայնել երկիր մատակարարվող բնական գազի ռեսուրսային բազան այլընտրանքային աղբյուրի միջոցով։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ