«ՀայՌուսգազարդ» ընկերության ֆուտբոլի թիմն այսօր 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Գազպրոմբանկ» թիմին

«Հայռուսգազարդ» ընկերության «Հայռուսգազարդ» ֆուտբոլի թիմն այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Գազպրոմբանկ» թիմին: Դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, եւ 5-րդ րոպեին Կարեն Միքայելյանը ճշգրիտ հարվածով բացեց խաղի հաշիվը՝1:0:


Հանդիպման 27-րդ րոպեին Հարություն Հարությունյանը գեղեցիկ հարվածով եզրափակեց հայ ֆուտբոլիստների սուր գրոհը` ամրապնդելով «Հայռուսգազարդի» առավելությունը՝ 2:0: Դրանից հետո հյուրերն ակտիվացան, մի քանի սուր պահ ստեղծեցին դաշտի տերերի դարպասի մոտ, բայց միայն մեկ անգամ կարողացան հաջողության հասնել. 30-րդ րոպեին աչքի ընկավ Դմիտրի Ագապովը՝ 2:1:

«Հայռուսգազարդ» թիմը դուրս եկավ եզրափակիչ եւ սեպտեմբերի 20-ին Աբովյանում ուժերը կչափի «Գազ դը Ֆրանս» եւ «ԳազպրոմԷքսպորտ» թիմերի հաղթողի հետ: Իսկ «Գազպրոմբանկը» 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի այս երկու թիմերի խաղի անհաջողակի հետ: Մրցաշարի մյուս 3 խաղերը նույնպես տեղի կունենան Աբովյանում, հաղթողները կպարգեւատրվեն ոսկի մեդալներով եւ գավաթով, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար սահմանված են արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Սա «Հառուսգազարդ» ընկերության կողմից անցկացվող ֆուտբոլի արդեն 2-րդ միջազգային սիրողական մրցաշարի առաջին հանդիպումն Էր: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր՝ Հայաստանից՝1, Ռուսաստանից՝ 2 եւ Ֆրանսիայից՝1 թիմ: Մրցաշարին մասնակցում են ընկերությունների աշխատակիցները:

Մինչ հանդիպման սկիզբը մրցաշարի մասնակիցներին դիմեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն, որը նշեց ֆուտբոլի դերը ժամանակակից կյանքում, ասաց, որ ընկերությունը ցանկանում Է ֆուտբոլի միջոցով զարգացնել միջկորպորատիվ կապերը տարբեր երկրների գործկնկերների միջեւ, ստեղծել ընկերական, ոչ պաշտոնական մթնոլորտ, նաեւ նպաստել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Կ.Կարապետյանը նշեց, որ Հայաստանում շատ ուրախ են, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գազային ընկերությունների ֆուտբոլի թիմերը ընդունել են իրենց հրավերը եւ ժամանել Հայաստան:

«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Անդրեյ Պիմենովը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ առաջին մրցաշարում հենց «Գազպրոմբանկի» թիմն էր դարձել հաղթող: Նա նշեց ֆուտբոլի դերը նման կորպորատիվ կապերի զարգացման մեջ` ասելով, որ միջազգային գազային ընկերությունները երկար ժամանակ է ինչ աջակցում են ֆուտբոլի զարգացմանը, սեփական թիմեր ունեն եւ ֆուտբոլի միջոցով նույնպես հեղինակություն են ձեռք բերում:

Հեղինակ: Զավեն Վարդանյան

Աղբյուր: «Արմենպրես» ԼՎԳ