Ծովի մակարդակից 3000 մետր

Այս բարձրության վրա են կատարվում Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ հատվածի կառուցման աշխատանքները


Ծովի մակարդակից 3 հազար մետր բարձրության վրա Հայաստանում իրականացվում է Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ հատվածի կառուցման բարդ աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը։ Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի սպառողների ասոցիացիայի անդամները եւ լրագրողները ծանոթացան շինարարական աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ մինչեւ գազատարը Արարատ հասցնելը պետք է իրականացնել խողովակաշարարերի տեղադրում շուրջ 3 հազար մետր հատվածում։ Շինարարության ղեկավար Վլադիրմիր Մարգարյանի խոսքով՝ Արարատի մարզում բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ շինարարությունն ավելի արագ կկատարվի. «Քաջարան-Արարատ հատվածի շինարարությունը ժամկետից մի փոքր շեղվել է, քանի որ այս տարվա գարնանը եղանակն ավելի անբարենպաստ էր։ Այստեղ շինաշխատանքներն իրականացվել են ամենաբարդ պայմաններում, քանի որ 3 հազար մետր բարձրության վրա էլ է շինարարություն ընթացել, եւ այդ պայմաններում մեքենամեխանիզմներն օրական 5 ժամից ավելի չեն կարողացել աշխատել։ Բացի այդ, այս հատվածում առկա են ժայռային գրունտներ, որոնց դեպքում պայթեցման եղանակն է կիրառվում»։

Գազատարն արդեն Մեղրիից հասել է Քաջարան, այնտեղից շարունակվում է դեպի Վայոց Ձորի, ապա՝ Արարատի մարզ։ Գազատարը կլինի տարեկան մինչեւ 3 միլիարդ խմ թողունակությամբ, իսկ ճնշման ավելացման դեպքում թողունակությունը կբարձրացվի։ Քաջարանից դեպի Արարատ աշխատանքների իրականացման արդյունքում նաեւ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղեր կգազաֆիակացվեն։ Հայաստանի տարածքում կառուցված Իրան-Հայաստան գազատարի 40 կմ երկարությամբ հատվածով հանրապետության կենտրոնական շրջաններ բնական գազի անհրաժեշտ ծավալ մատակարարելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2006թ-ից սկսել եւ իրականացնում է գազատրանսպորտային համակարգը վերակառուցելու եւ ընդլայնելու, ինչպես նաեւ թողունակությունը բարձրացնելու ծրագիր։ Դրա իրականացումը նախատեսում է 197,4 կմ երկարությամբ, 720 մմ տրամագծով Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցում, ինչպես նաեւ գազափոխադրման համակարգում գործող 102 կմ երկարությամբ գծային հատվածների վերակառուցում, ինչը հնարավորություն կտա ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչեւ ջերմային էլեկտրակայաններ։ Գազամայրուղու գլխավոր ուղղությունը հարավից ձգվում է դեպի հյուսիս-արեւմուտք։ Գազատարը ծովի մակերեւույթից 3 հազար մետր բարձրության վրա է։

Հեղինակ: Արման Գասպարյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ